ՀԵՐԹԸ ԱՎԱԳՆԵՐԻՆՆ Է

11:17 - 10 Ապր, 2023

Անթալիայում վաղը կմեկնարկի սպորտային  մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:  

39 երկրների պատվիրակներ կպայքարեն մայրցամաքի ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 321 ներկայացուցիչների մասնակցություն / 178 տղամարդ և 143 կին /՝  թիմային , բազմամարտի և անհատական մրցումներում։ 

Մասնակիցների կազմը տպավորիչ է: Նրանց թվում կլինեն օլիմպիական խաղերի, աշխարհի,  Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, ինչպես նաև նորեկներ, ովքեր առաջին անգամ են մասնակցելու մեծահասակների պայքարին:

Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և   Գագիկ Խաչիկյանը:   

Հուսանք, որ մեր տղաները լավ մասնակցություն կունենան: Ի դեպ, հայ մարզասերների հիշողությունում դեռևս  թարմ են օրեր առաջ Անթալիայի նույն մարզադահլիճում, Եվրոպայի  երիտասարդների առաջնությունում, մեր տղաների ունեցած փայլուն հաջողությունները անհատական և թիմային մրցումներում: 

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը  կաշխատեն  մրցավարական հանձնախմբում, իսկ տղաներին մրցահարթակ կուղեկցեն մարզիչներ Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը:

Առաջնությունը եզրագիծը կհատի ապրիլի 16 –ին:

Այլ նորություններ