ԿԽԱՂԱՐԿՎԵՆ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՎ ՈՒՂԵԳՐԵՐ

11:17 - 26 Ապր, 2023

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում վաղը կմեկնարկի սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը:  

Մրցաշարին հայտավորված են 39 երկրների ավելի քան 130 մարզիկ - մարզուհիներ: Խաղարկությունը բավականին ներկայացուցչական կազմ է հավաքել: Մասնակիցների թվում են աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի և գավաթի խաղարկությունների մեդալակիրներ:  Այնպես որ, պայքարը չափազանց թեժ է լինելու:

Բացառություն չի լինի որակավորման փուլը, քանզի յուրաքանչյուր մրցաձևում միայն ութ արժանիները կմտնեն եզրափակիչ փուլ ՝ լավագույն ութնյակ: Այստեղ արդեն մասնակիցները մրցավեճի կբռնվեն ազնիվ մետաղներից ձուլված մրցանակների համար:

Հայաստանից  մրցավայր է մեկնել հետևյալ քառյակը. Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: 

Մարզիչներն են Աշոտ Գասպարյանը  և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը այս դեպքում նույնպես ընդգրկված է մրցավարական հանձնախմբում:  

Գավաթի խաղարկությունը  վարկանիշային է և աչքի ընկածները  կարժանանան աշխարհի առաջնության մասնակցի ուղեգրի:  

Հավելենք, որ  Բելգիայում սեպտեմբերին է նախատեսված  աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակիցները կպայքարեն << Փարիզ – 2024 >> - ի ուղեգրերի արժանանալու համար:  

 

 

Այլ նորություններ