Կանադայի Մոնրեալ քաղաքում նախատեսված էր մարտի 16 - 22-ը անցկացնել գեղասահքի աշխարհի առաջնությունը: Բայց մարզաձևի միջազգային ֆեդերացիան կորոնավիրուսի պատճառով չեղարկել է:
Հայաստանի մարզական դրոշի պատիվը պետք է պաշտպանեին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Ավելորրդ չէ նշել, որ մինչ այս, համանուն մրցումների պատմությունում, չեղարկվելու կամ մրցավայրը տեղափոխելու ևս չորս դեպք է գրանցվել:
Աշխարհի առաջնությունները չեն անցկացվել 1915 – 1921թթ.` առաջին համաշխարհային և 1940 – 1946թթ.` երկրորդ համաշխարհային պատերազմների պատճառով: 1961 -ին մրցաշարը չի կայացել Բելգիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով: Պրահա` աշխարհի առաջնություն մեկնող կործանված ինքնաթիռի ուղևորների թվում է եղել ԱՄՆ –ի գեղասահքի հավաքականը: Իսկ 2011 –ին Տոկիոյում նշանակված մրցաշարը, երկրաշարժի պատճառով, տեղափոխել են Մոսկվա:
Հնարավոր է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին առաջնությունը կրկին անցկացվի Մոնրեալում: Հարցը քննարկման փուլում է: