Դժվար է գերագնահատել այն ուրախությունը , որով օրերս պարուրվել են եգիպտահայերը: Գրեթե ամբողջ համայնքն է ներկա եղել Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության վերջին ՝ չորրորդ փուլին մասնակցած հայրենակիցների փառահեղ մրցելույթներին: Մանավանդ աշխարհի գործող չեմպիոն, հենացատկում 2023թ. աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանի անզուգական կատարումները, նժույգթափերում << արծաթազօծված >> Գագիկ Խաչիկյանի, նույն գործիքի վրա << բրոնզի >> արժանացած Հարություն Մերդինյանի և օղակներում երրորդը ճանաչված Արթուր Ավետիսյանի բարձր վարպետությամբ հիացած ներկաների ուրախությունն ու ոգևորությունը անափ է եղել: Հայորդիների հաջողությունը հպարտություն է պարգևել առանձնապես Եգիպտոսում ՀՀ դեսպանության աշխատակազմին:
Փայլուն մրցելույթները բարձր է գնահատել և մեդալակիր քառյակին ու մարզիչներին դեսպանատանը հյուրընկալել է մեր դիվանագիտական անձնակազմը ՝ դեսպան Հրաչյա Փոլադյանի գլխավորությամբ:
Հուսանք, որ մեր մարմնամարզիկները գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավաուրթյամբ իրենց վայել վարպետությամբ հանդես կգան նաև Բելգիայում սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությունում , որտեղ մեդալներից բացի, կխաղարկվեն նաև Փարիզ – 2024 –ի մասնակացության օլիմպիական ուղեգրեր: