Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը անդրադարձել է մարզաձևի հայկական դպրոցին և նվաճումների հասած նախկին ու ներկա մի խումբ մարզիկներին: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողներին. << Տոկիոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելուց կարճ ժամանակ անց խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Արթուր Ալեքսանյանը հեռանում է սպորտից:
Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում Ալեքսանյանի վերադարձը մրցագորգ զարմացրեց շատերին: Մեկամյա ընդմիջումից հետո նա կրկին նվաճեց լավագույնի կոչումը 97 կգ քաշային կարգում և պարգևատրվեց ոսկե մեդալով:
<< Սա աշխարհի առաջնության իմ չորրորդ ոսկին է, - Բելգրադում ասել է Ալեքսանյանը: - Երկու տարի է չեմ կարողանում հաջողության հասնել վնասվածքների պատճառով ։ Օլիմպիական խաղերից հետո ես դադար վերցրեցի և բուժեցի վնասվածքներս >>:
Առաջիկայում 31-ամյա մարզիկը կրկին կլինի Բելգրադում ՝ հույս ունենալով պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա պատրաստվում է նաև ուժեղագույն ճանաչվել Փարիզում հաջորդ տարի անցկացվելիք օլիմպիական խաղերում:
Բայց Ալեքսանյանը միակը չէ, ով հույս ունի Բելգրադում բարձրացնել հայկական դրոշը։ Եվրոպայի չեմպիոններ, հունահռոմեական ոճային Մալխաս Ամոյանը / 77 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը / 57 կգ / և Վազգեն Թևանյանը / 65 կգ / նույնպես առաջատարների շարքին են դասվում:
Նշած եռյակը չունի այն նվաճումները, որոնք ունեցել է Ալեքսանյանը 25 տարեկանում: Բայց նրանք լավագույններից են իրենց քաշային կարգերում:
<< Գյումրին փոքր քաղաք է, բայց մենք ունենք հինգ օլիմպիական չեմպիոն, որոնք մեծացել են այստեղ, - ասել է Ալեքսանյանը: - Կան նաև բազմաթիվ հեղինակավոր մարզիկներ տարբեր մարզաձեւերում >> :
Պատմական Գյումրի քաղաքը, որը գտնվում է Շիրակի մարզում ՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում, տվել է բազմաթիվ մարզական հերոսներ, նկարիչներ և գիտնականներ: Այն հին ժամանակներից եղել է երկրի կենտրոնը և հայտնի է տարբեր անուններով ։
Միջազգային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը ծնունդով դարձյալ գյումրեցի է: Նա 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:
<< Գյումրին զարգացող քաղաք է դարձել ռուսական կայսրության ժամանակ, երբ Հայաստանը նրա մի մասն էր, - նշել է Ջուլֆալակյանը: - Քաղաքը հայոց ցեղասպանությունից մազապուրծ՝ մեծ թվով փախստականների ապաստարան է դարձել : Մանկատներում տեղավորվել են 22 հազար երեխաներ: Հետագայում քաղաքը վերանվանվել, ստացել է Լենինական անունը և դարձել է Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ու կուլտուր – մարզամշակութային խոշոր կենտրոն: Հենց այդ շրջանում է սկսվել սպորտի մասսայականացումը ողջ Հայաստանում և հատկապես Գյումրիում։ Ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը և ձյուդոն առավել տարածված են եղել երիտասարդների շրջանում:
1988 թ.ավերիչ երկրաշարժի հետևանքով Գյումրին կորցրել է բնակչության մեկ երրորդը։ Այնուամենայնիվ, քաղաքում մեծանում են չեմպիոններ, նկարիչներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ և այլն :
1988թ. Սեուլի օլիմպիական խաղերում Հայաստանի ըմբշամարտի պատմությունում չեմպիոնի կոչմանն արժանացավ և ոսկե մեդալով պարգևատրվեց հունահռոմեական ոճի ներկայացուցիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ մեկ այլ գյումրեցի՝ Իսրայել Միլիտոսյանը արծաթե մեդալակիր դարձավ ծանրամարտում:
Երկրաշարժից հետո իսկապես դժվար ժամանակներ են եղել: Մարզաշխարհում լինելը համարվել է հերոսություն. չկար աշխատավարձ, ջեռուցում, տաք ջուր, էլեկտրական սնուցում . . . Բայց դիմադրեցինք, քանզի դա մեր ազգի բնավորությունն է ՝ իր հին պատմությամբ >> :
Ռիոյի խաղերում չեմպիոնի կոչումը նվաճած Ալեքսանյանը պատմել է կիսաքանդ մարզադպրոցի մասին, որտեղ սկսել է իր մարզական կենսագրությունը: Նրան ուժ են տվել, հաղթանակի լրացուցիչ լիցք են հաղորդել հարազատ քաղաքը և նրա մարդիկ:
Փարիզի օլիմպիական խաղեր մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում երկրի գլխավոր հույսը Արթուր Ալեքսանյանն է: Ենթադրվում է, որ նրա համար << օլիմպիական չորրորդ ալիքը >> ոսկեբեր կլինի, նպատակ , որին ձգտում են երիտասարդ մարզընկերներ Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, մյուսները . . . >>: