Հնդկաստանի Մումբայ քաղաքում այսօր կսկսվի միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմի նիստը: Այդ միջոցառմանը կհաջորդի կազմակերպության համաժողովը (հոկտեմբերի 15-17-ը):
Մումբայը Հնդկաստանի երկրորդ քաղաքն է, որը հյուրընկալում է ՄՕԿ-ի նիստը: Մինչ այս, 1983թ. մայրաքաղաք Նյու Դելիում է տեղի ունեցել համանուն միջոցառումը:
Հնդկաստանի մարզական ղեկավարները հույս ունեն, որ կիրականացնեն իրենց հավակնությունը՝ 2036թ. օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:
Հավելենք, որ համաժողովում լսվելու է նաև Լոս Անջելես – 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում նոր մարզաձևեր ներառելու որոշումը:
Կազմկոմիտեն ցանկանում է ավելացնել ամերիկյան ֆուտբոլի տարատեսակ դրոշ- ֆուտբոլը, կրիկետը, լակրոսը, սքվոշը և բեյսբոլը: Դրանք նորարարական և համայնքային ուղղվածություն ունեն, խաղում են բակերում, դպրոցներում, համայնքային կենտրոններում, մարզադաշտերում, զբոսայգիներում . . .
Նախագահ Բախը գովաբանել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիային (IWF), որը պատմության ընթացքում ամենախիստ հակադոպինգային ծրագիրն է ստեղծել: Մինչդեռ մարզաձևը հանվել է Լոս Անջելեսի խաղերի նախնական ծրագրից՝ դոպինգային, կոռուպցիոն սկանդալների և կառավարման մի շարք ձախողումների հետևանքով ու այդ պատճառով Փարիզի ստուգատեսում մարզիկների քվոտան գրեթե կիսով չափ կրճատվել է: