2026թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը Սենեգալի մայրաքաղաք Դաքարում կանցկացվեն պատանեկան օլիմպիական ամառային չորրորդ խաղերը: Այդ կապակցությամբ այնտեղ տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Աշխատանքներին մասնակցել են կառույցի նորընտիր նախագահ Քիրսթի Քովենթրին, ՄՕԿ –ի համապատասխան հանձնաժողովի ղեկավար Համֆրի Քայանգեն, այլ պատասխանատուներ:
Ընդգծվել է, որ նախապատրաստական աշխատանքները ճիշտ ուղղությամբ են ընթանում ու Աֆրիկայում կանցկացվեն բացառիկ խաղեր:
Մեկնարկել է նաև «Դաքարի ակադեմիա - 2026» կրթական նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել 21- 35 տարեկան շուրջ 400 մասնագետ՝ կազմկոմիտեում աշխատելու համար: Նրանք կծանոթանան սպորտի կառավարման և մրցումների կազմակերպման հիմնական հմտություններին։
Հաստատվել է նաև օլիմպիական մրցավայրերի ցանկը. Դաքարի տարբեր մարզադաշտերում կանցկացվեն լողի, 3x3 բասկետբոլի, բրեյք - դանսի, բեյսբոլի, սքեյթբորդինգի, ռեգբի յոթնյակի, աթլետիկայի, բռնցքամարտի, մինի ֆուտբոլի, ծանրամարտի, թենիսի, կարատեի, հրաձգության, սյորֆինգի, ժայռամագլցման, մականախաղի, գոլֆի, ժամանակակից հնգամարտի և կանոեի մրցաշարերը։ Խճուղային հեծանվավազքը նույնպես կմեկնարկի և կավարտվի քաղաքի պատմական հատվածում։
Դիամնյադիո արվարձանում կգործեն մարզիկների գյուղը, ինչպես նաև ձիասպորտի, նետաձգության, բադմինտոնի, մինի ֆուտբոլի, սուսերամարտի, թաեքվոնդոյի, սեղանի թենիսի, ուշուի, գեղարվեստական մարմնամարզության և ձյուդոյի մրցասպարեզները:
Սալի քաղաքում նախատեսված են վինդսյորֆինգի, ափամերձ թիավարության, լողափնյա վոլեյբոլի, լողափնյա հանդբոլի, լողափնյա ըմբշամարտի և եռամարտի մրցաշարերը։