ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 12- ՐԴ ՓՈՒԼԸ

11:47 - 19 Հոկ, 2023

Օդերևութաբանները կանխատեսել են, որ այսօր անդադար անձրև պիտի տեղա, մինչդեռ ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ծրագրով մեկնարկելու է 12 –րդ փուլը:

Փույթ չէ, մանավանդ  հեռուստաէկրանի օգնությամբ բազմիցս ականատես ենք եղել եվրոպական երկրների  ֆուտբոլային հանդիպումների, որոնք ընթացել են հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Եվ որքան էլ զարմանալի է, մրցողները աչքի են ընկել դիմացկունությամբ, խաղերն անցել են լարված, բովանդակալից ու դիտարժան պայքարում:

Կանաչ խաղադաշտի մերօրյա ներկայացուցիչները գուցե նույնպես եռանդով գործեն ու իրենց նվիրվածությամբ բավականություն պատճառեն թեկուզև իրենց ակումբների ղեկավարներին ու մարզասերներին: Այդ մասին կիմանանք  այսօր նշանակված  «Վեստ Արմենիա» - «Արարատ» թիմերի երևանյան մրցավեճում:

Վաղը՝ հոկտեմբերի 20 –ին, տեղի կունենան «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» , «Վան» - «Ալաշկերտ», իսկ  հաջորդ օրը ՝ ԲԿՄԱ - «Շիրակ» և «Ուրարտու» - «Նոա» հանդիպումները:

Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակը 29 միավորով գլխավորում  է «Փյունիկը»:

 

 

Այլ նորություններ