Վերջին շրջանում աթլետիկայի դերն ու նշանակությունը գնահատող մարզասերներին ուրախացնում է գյումրեցի միջնավազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա նախընտրում է 1500 մետր վազքատարածությունը և հաջողությունների է հասնում:
Վաստակավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի սանը անցյալ տարի դարձավ համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր: Այս մրցաշրջանի մեկնարկը նրա համար հանդիսացավ Ստամբուլի մարզասրահում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը: Երվանդը ցույց տվեց 3, 45. 55 ժամանակ, գրավեց առաջին տեղը և հաղթող ճանաչվեց: Մի քանի օր անց մեր աթլետը իր ունակությունները դրսևորեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած << Belgrade Indoor Meeting 2024 >> անվանումով միջազգային մրցումներում: Նա գերազանցեց սպասելիքները՝ նոր ուղղում մտցնելով հանրապետական ռեկորդների ցանկում / 3, 38. 12 /:
- Երվանդի ցույց տված արդյունքը աննախադեպ հաջողություն է մեզանում, - թեմայի շուրջ զրույցում ասաց ֆիզկուլտուրային մայր բուհի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու, աթլետիկայի մարզիչ Էրիկ Մարտիրոսյանը: - Նախ, որ վազորդի անձնական մարզիչ, փորձառու Գրիգոր Բարսեղյանը լավ գիտե իր գործն ու անելիքը: Այդ մասնագետը հոգատար է իր սանի նկատմամբ և հետևողական, նպատակային աշխատանքներ է կատարում:
Պատահական չէ վերջին նվաճումը, որի շնորհիվ Երվանդը լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորման: Ինչ խոսք, գոհացնող արդյունքների հեղինակը ինքը ՝ աթլետն է, ով արդեն ունի միջազգային մրցումների մասնակցության անհրաժեշտ չափի փորձ: Բնածին օժտված այդ մարզիկը մրցաձևին անհրաժեշտ որակներով է ելնում պայքարի. դիմացկունություն, արագաշարժություն . . . Կարևոր է հատկապես և այն, որ նա կարողանում է մրցումներում կատարել մարզչի մշակած տակտիկական հանձնարարականները: Ուստի ենթադրում եմ, որ մեր մարզիկը սպասելիքները կարդարացնի նաև առաջիկա մրցումներում, որոնց դերը չափազանց մեծ է ընթացիկ ՝ օլիմպիական տարում:
Պետք է հավատալ, որ մարտի 1 – 3 –ը Գլազգոյի մարզասրահում կայանալիք աշխարհի ձմեռային առաջնությանը մասնակցելու ուղեգիր արդեն նվաճած Երվանդ Մկրտչյանը կզարգացնի հաջողությունը և կնվաճի Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք: Խնդիրը բարդ է, պետք է ցույց տալ պահանջվող ժամանակը՝ 3, 33. 50: Անձամբ ինքս հավատում եմ Երվանդի ունակություններին, բայց ցանկությունը իրականություն դարձնելու համար պետք է վազորդի համար ստեղծել մարզումային – նախապատրաստական բոլոր պայմանները, - այսպես իր խոսքն ավարտեց Էրիկ Մարտիրոսյանը: