Երևանի ձիարշավարանում անցկացվեց Հովիկ Հայրապետյանի հիշատակը հավերժացնող համապետական ավանդական մրցաշարը:
Փոխանցիկ գավաթի համար պայքարին մասնակցեցին << Միրաժ >>, << Սիլ >>, << Մուլտի գրուպ >> և Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի ակումբները:
Նժույգավարները B դասում պետք է 490 մ. տարածության 125 սմ. բարձրությամբ 11 արգելքները անցնեին 85 վայրկյանում:
Հավելենք, որ արգելքների բարձրությունը C դասում 100 սմ. էր և D –ում ՝ 90 սմ: Արժե նաև նշել, որ կրկներթում տարածության երկարությունը 280 մետր է, իսկ սահմանված ժամանակը ՝ 48 վրկ.:
Հաղթողներ դարձան` D դասում Արսեն Պողոսյանը / << Միրաժ >> /, C –ում ՝ Տաիսիա Լիխոշերստը / Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն / և B –ում ՝ Ալբերտ Սուքիասյանը / << Սիլ >> /, որը նվաճեց նաև փոխանցիկ գավաթը:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մոտ անցյալի մեր լավագույն նժույգավար Նորայր Ստեփանյանը ասաց, որ միջոցառումը մրցաշրջանի առաջին ստուգատեսն էր: Գնահատելով այդ հանգամանքը, պետք է ասել, որ հեծյալները արդարացրին սպասելիքները: Ի դեպ, ապրիլի երրորդ տասնօրյակում նախատեսված է անցկացնել արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը: