ԼԱՎ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

11:57 - 19 Հուն, 2023

Երևանում անցկացվեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ  Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 25 –րդ  մրցաշարը։

<< Միկա >> մարզադահլիճի մրցագորգերի վրա իրենց ունակությունները դրսևորեցին 15 երկրների ազատ ըմբշամարտի ավելի քան 100 պատվիրակներ:

Սպասելիքները արդարացրին տանտերերը: Գոտեմարտեցին մեր երկրի  23 ներկայացուցիչներ: Նրանցից հաղթող ճանաչվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Երկրորդ տեղով բավարարվեց  Հրայր Ալիխանյանը (74 կգ), իսկ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) տեղ գտավ պատվանդանի երրորդ աստիճանին:  

Մրցաշարի ավարտից հետո անվանի Ստեփան Սարգսյանը գոհունակություն հայտնեց միջոցառման մասնակիցներից: Ասաց, որ  հաղթելու համար մրցակիցները ջանք չխնայեցին: Ինչ վերաբերում է մեր տղաներին, ապա նրանք հավատարիմ մնացին մարզաձևի ազգային ավանդույթներին, ցուցադրեցին տեխնիկական հնարքների բազմազանություն: Առավել գովասանքի են արժանի առաջատարները: Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը կարող են հաջողության հասնել աշխարհի առաջիկա առաջնությունում և օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Նրանք Երևանում անցկացրին չորսական գոտեմարտ: Արսենը ընդհանուր հաշվով  մրցակիցների  նկատմամբ իր օգտին գրանցեց 39 : 3, իսկ Վազգենը ՝ 41 : 0  միավորների հաշիվը:

 

 

Այլ նորություններ