Մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի կունենա Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի համաշխարհային վարկանիշային վերջին՝ թվով վեցերորդ մրցաշարը: Կխաղարկվի 54 օլիմպիական արտոնագիր և ստուգատեսի ավարտից հետո հայտնի կդառնան << Փարիզ - 2024 >> -ի բոլոր 288 մասնակիցները:
Թուրքիայի մրցաշարին հայտավորված 93 երկրների 517 ըմբիշների թվում քիչ չեն հեղինակությունները, ասել է թե՝ ուղեգրերի համար պայքարն աներևակայելի բարդ ու դժվարին է լինելու։
Ստամբուլում, յուրաքանչյուր քաշային կարգում, խաղարկվելու է երեք ուղեգիր։ Նրանց տերերը կլինեն եզրափակիչ մտած երկու ըմբիշները և կիսաեզրափակիչի հաղթողը:
Համաշխարհային օլիմպիական ընտրական մրցաշարի վիճակահանությունը նշանակված է այսօր՝ մայիսի 8-ին:
Մայիսի 9-10-ը կմրցեն հունահռոմեականները, 10-11-ին՝ կանայք և 11-12-ը՝ ազատ ոճայինները:
Ներկայացնում ենք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը. 60 կգ՝ Գևորգ Ղարիբյան,
87 կգ՝ Գևորգ Թադևոսյան, 130 կգ ՝ Դավիթ Օվասապյան:
Ազատ ոճ. 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 86 կգ՝ Մուշեղ Մկրտչյան, 97 կգ՝ Սերգեյ Սարգսյան և 125 կգ՝ Լյովա Գևորգյան:
Այսօրվա դրությամբ Հայաստանի ըմբիշներից Փարիզի ուղեգիր ունեն ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թևանյանը և հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը և 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը: