Ավելի քան 120 մարզիկ – մարզուհիներ մասնակցեցին Արտաշատում անցկացված աթլետիկայի միջազգային մրցաշարին: Այն հավերժացնում էր արցախյան ազատամարտիկ, ՀՀ բազմակի չեմպիոն ու մրցանակակիր Գառնիկ Ղուկասյանի հիշատակը: Ասպարեզներում իրենց վարպետությունը դրսևորեցին մայրաքաղաքի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի, Արտաշատի և Վրաստանի ներկայացուցիչները:
Նշենք, որ Գառնիկ Ղուկասյանը առավել աչքի է ընկել միջին տարածության ՝ 3000մ. վազքում: Գլխավոր մրցանակը իր հետ Գյումրի տարավ մեր երկրի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը, որը հաղթեց նշած վազքատարածությունում:
Արտաշատի վերակառուցված աթլետիկայի ստադիոնում հաճույքով մրցեցին մասնակիցները, որոնցից շատերն աչքի ընկան բարձր արդյունքներով: Նշենք երևանցի արագավազորդ Գայանե Չիլոյանին , կապանցի ցատկորդ Յանա Սարգսյանին, արտաշատցիներ, հեռացատկորդ Գոռ Հովակիմյանին, արագավազորդ Սամվել Գևորգյանին, վանաձորցի վազորդ Ստյոպա Անդրեասյանին . . .
Այս մասին ասաց ՀՀ աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը:Նա նաև հաճույքով նշեց, որ մարզաձևի ֆեդերացիայի հովանավորությամբ Արտաշատի աթլետիկական ստադիոնի նետումների հատվածում տեղադրվեց անվտանգության ցանց: Դրա շնորհիվ մրցաշարում ընդգրկված էին նաև այդ մրցաձևերը, որոնցում առավելապես աչքի ընկան գյումրեցիները:
Մեր զրուցակիցը հավելեց, որ Գառնիկ Ղուկասյանի՝ թվով 29 –րդ հուշամրցաշարում որոշակիորեն ուրվագծվեց հավաքականի թեկնածուների կազմը: Ընտրանին վերջնականապես կձևավորվի առաջիկա շաբաթ- կիրակի, դարձյալ Արտաշատում, կայանալիք ՀՀ առաջնության արդյունքներով: