Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը լրջորեն է նախապատրաստվում տարվա գլխավոր ստուգատեսներին: Առաջնայինը, իհարկե, Փարիզի օլիմպիական խաղերն են: Համաշխարհային այդ մարզահանդեսում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն անվանի Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Սլավիկ Գալստյանը: Նրանք հավաքականի կազմում մասնակցեցին Ծաղկաձորում այսօր ավարտված ուսումամարզական հավաքին:
Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանից տեղեկացանք, որ մարզումներից մեկի ընթացքին հետևել է Մոնրեալի օլիմպիական խաղերի չեմպիոն / 1976թ./ Սուրեն Նալբանդյանը: Հեռակապով նա կարծիք հայտնեց մեր տղաների պատրաստականության մասին: Ասաց, որ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը կարողանում էր ուշադրությամբ հետևել մարզվողների գործողություններին: Լավ է, որ նա, ինչպես ասում են, պերիֆերիկ տեսողություն ունի և նկատում է սաների սխալները: Ինչ վերաբերում է օլիմպիականներին, ապա շատ է հարգում Արթուր Ալեքսանյանին ու բարձր է գնահատում նրա նվաճումները: Թե ինչպիսին կլինեն մեր ըմբիշների օլիմպիական գոտեմարտերը, առայժմ դժվար է ասել, որովհետև առջևում դեռ ժամանակ կա և եռյակը մրցումների ու մարզումների արգելքներ դեռևս պետք է հաղթահարի:
Նկարում. - Օլիմպիական խաղերի չեմպիոններ Սուրեն Նալբանդյանը և Արթուր Ալեքսանյանը:
Նախկին արմավիրցի Սուրեն Նալբանդյանը հաճախ է այցելում հայրենիք, անպայման լինում է իր մարզադպրոցում, որտեղ ծանոթացել է մարզաձևի հնարքներին: Նախկին ակումբակից, երևանցի Աշոտ Ավանեսյանի մոտ է հիմնականում հանգրվանում: Նրան ճանաչում է դեռևս պատանեկան հասակից, ու Աշոտի հետ է ականատես եղել թիմի ծաղկաձորյան մարզումներին:
Արմեն Բաբալարյանից տեղեկացանք, որ բացառությամբ Արթուր Ալեքսանյանի, հավաքականի կազմը կմասնակցի վաղը Երևանում մեկնարկելիք Բենուր Փաշայանի անվան ավանդական հուշամրցաշարին: Այնուհետև, հունիսի 8 – 18- ը, առաջատարները հավաքի կմեկնեն Բուլղարիայի Վառնա: Մարզումները այնուհետև կշարունակվեն Երևանում, արտերկրում, ապա հայրենիքից կմեկնեն Փարիզ՝ օլիմպիական խաղեր: