Կարելի է պատկերացնել, թե որքան դժվարին ու պատասխանատու օրեր են անցկացնում Փարիզի օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակիցները: Մարզիկների խնդիրն է վստահ մրցելույթներով հաջողության հասնել ու արդարացնել սպասելիքները, իսկ մարզիչների պարագայում ասածին ավելանում է ժամանակացույցի ճշգրիտ ընտրությունը՝ սաներին լավագույն մարզավիճակով ասպարեզ հանելը: Մի խոսքով օրավուր մոտենում է օլիմպիական քառամյա փուլում կատարած աշխատանքների հաշվետվության ժամանակը: Իսկ խաղերի մեկնարկին մնացել է ընդամենը չորս օր:
Պատասխանատվության զգացումով է պարուրված նաև հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Նա այդ պաշտոնում առաջին անգամ է ներկայանում օլիմպիական խաղերին:
Մարզիչը երեք օլիմպիականներ Սլավիկ Գալստյանին ( 67 կգ), Մալխաս Ամոյանին (77 կգ), Արթուր Ալեքսանյանին (97 կգ) և նշած քաշային կարգերի երկրորդ համարներին նախավերջին ուսումնամարզական հավաքում էր ընդգրկել Վլադիկավկազում: Այնտեղ էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Կիրգիզիայի օլիմպիական ըմբիշները: Հասկանալի է, որ համատեղ մարզումներով մասնակիցները հղկում էին տեխնիկատակտիկական համապատասխան որակները:
Հուլիսի 21 –ից մինչև օգոստոսի 3 –ը, արդեն Երևանում, վերջին՝ ամենավճռական փուլն են անցկացնում մեր եռյակը, նրանց մարզիչները և երիտասարդական հավաքականը / վերջինը նախապատրաստվում է Իսպանիայում սեպտեմբերի 1 – 3 –ը նշանակված աշխարհի երիտասարդական առաջնությանը /:
Մեր ընտրյալներից առաջինը օլիմպիական մրցագորգ կելնեն Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը / օգոստոսի 6 –ին / , իսկ հաջորդ օրը՝ Սլավիկ Գալստյանը:
Հունահռոմեական ոճայինները Ֆրանսիա կմեկնեն համապատասխանաբար օգոստոսի 3 –ին և 4 –ին: