ԱՐԱՀԵՏԸ ԲԱՑՎԱԾ Է

20:07 - 04 Օգո, 2024

Փարիզի օլիմպիական խաղերում  Հայաստանի մարզիկներից այսօր ասպարեզ ելան սպորտային մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:

Նրանք հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը և մտել եզրափակիչ ությակ:

Հայ մարզասերը չէր կասկածում երևանցի հենացատկորդ Արթուր Դավթյանի բարձր վարպետությանը: Նախ՝ մեր պատվիրակը մրցումային  մեծ փորձ ունի, սա նրա օլիմպիական չորրորդ մասնակցությունն է, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, մրցանակակիր է և Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Այս ամենը հաջողության հույս էին ներշնչում: Եվ հայ մարզիկը արդարացրեց սպասելիքները:

Երկու ցատկերի հաշվարկով  նա վաստակեց  14, 966 միավոր, գրավեց երկրորդ տեղը, նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը և Հայաստանի մարզիկներից առաջինը մեր պատվիրակության հաշվեկշռին մեդալ պարգևեց,  այն էլ ՝ արծաթե:

Արթուր Դավթյանի  օլիմպիական մեդալների  աստիճանական՝ բրոնզե,  ապա արծաթե պարգևների հաջորդականությունը կարծես նրան պարտավորեցնում է մնալ գործուն սպորտում, մասնակցել նաև Լոս Անջելես – 2028 օլիմպիական խաղերին և հինգերորդ փորձով  ստանալ գերազանց գնահատական ՝ ոսկե պարգև: 

Գոհունակությամբ նշենք, որ օղակների վրա վարժության վճռական փուլում ուժեղագույն ությակի միջև ծավալվեց անմռունչ, բայց ՝ լարված պայքար: Մեր Վահագն Դավթյանի վարպետությունը և գրաված վեցերորդ տեղը  գոհացրեց, մանավանդ որ, օլիմպիական խաղերում մրցանակային է համարվում առաջին վեցյակը:

Հաճելի է,  որ մեր երկիրը խաղեր է գործուղել երկու մարմնամարզիկ և այդ երկյակը հրաշալի մրցելույթներով բարձր պահեց սպորտային մարմնամարզության հայկական դպրոցի պատիվը:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մարզիչներին, համապետական ֆեդերացիային և սպորտի պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներին:

Օլիմպիական մեդալների արահետը բացված է ու լիահույս ենք, որ պատվո պատվանդան կբարձրանան նաև մյուս  մարզաձևերի մեր  պատվիրակները:

 

Այլ նորություններ