ՓԱՐԻԶԻ ԽԱՂԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԷԻՆ ԿՈՒԲԵՐՏԵՆԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՆ

12:37 - 12 Օգո, 2024

Պատմության գիրկն անցավ  Փարիզում անցկացված ամառային  33-րդ  օլիմպիական խաղերը:

Մարզասերներով լեփլեցուն էր  «Stade de France» հանրահայտ ստադիոնը: Այնտեղ կայացավ  համաշխարհային գլխավոր մարզահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը:

Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի  լողուղյակների մրցավեճի քառակի ոսկե դափնեկիր  Լեոն Մարչանդին երևաց   Լուվրի հրապարակում: Այդ հերոսին էր վստահված օլիմպիական  կրակը   մարզադաշտ տանելու պատիվը:

Այնուհետև պատվիրակությունների դրոշակակիրները այբբենական կարգով մտան գլխավոր մրցասպարեզ: Շուտով երևաց հայոց եռագույնը, որը  փողփողում էր   օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն , Հայաստանի 21 –րդ դարի  մերօրյա լավագույն մարզիկ, անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հաղթ բազուկներում:

Փարիզի  ստուգատեսին նվիրված մեր մեկնաբանություններում հաճախ ենք հիացմունքով անդրադարձել սիրո և նորաձևության համաշխարհային այդ մայրաքաղաքին ու նրա մատուցած անակնկալներին: Թվում էր, թե դրանք արդեն ավարտված են, բայց ով զարմանք, ստադիոնի ամենատեսանելի տեղում տեղադրված էր պատվո պատվանդան: Այնտեղ պետք է կայանար մրցումային ծրագրում ընդգրկված ամենադժվար ու բարդ մարզաձևերից  մեկի ՝  կանանց մարաթոնյան վազքի մրցանակակիրների  պարգևատրությունը: Նրանց պետք է տեսնեին աշխարհի միլիարդավոր  մարզասերներ . . .  ու  տեսան:

Հուզիչ էր կազմկոմիտեի նախագահ, թիավարությունից օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Թոնի Էստանգեի խոսքը, որը, ըստ էության,  շատերի նախանձը շարժեց: Այն բովանդակում էր  իր մեծ հայրենակից, ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեր Դը Կուբերտենի  հայտնի ստեղծագործությունը՝ «  Ձոն սպորտին ».

Օ , սպորտ, դու վայելք ես,

Օ սպորտ, դու քանդակագործ ես,

Օ սպորտ, դու արդարություն ես,

Օ սպորտ , դու մարտահրավեր ես,

Օ սպորտ , դու առաքինություն ես,

Օ սպորտ , դու ուրախություն ես,

Օ սպորտ, դու բեղունություն ես,

Օ սպորտ , դու առաջընթաց ես,

Օ սպորտ, դու խաղաղություն ես:

Հիրավի,  մեծ չեմպիոնը հպարտ էր իր երկրով, նրա հարուստ ավանդույթներով: Դրանում համոզվեցինք մենք՝ մարզասերներս, մրցումների բոլոր 19 օրերին, որոնք դարձան հաճելի հուշ . . .  ընդամենը 19 ակնթարթ:  

Այնուհետև խոսափողը տրամադրվեց միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, օլիմպիական չեմպիոն  Թոմաս Բախին:

Բանախոսները հակիրճ ու բովանդակալից  ելույթներում գոհունակության ու երախտիքի խոսք ուղղեցին  միջոցառմանն  առնչված  բոլոր կազմակերպություններին ու  աշխատակիցներին:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օլիմպիական դրոշը փոխանցեց  Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին, քանզի 2028թ. ԱՄՆ –ի այդ քաղաքում  է կայանալու հաջորդ ՝ օլիմպիական 34 - րդ խաղերը: 

 

Այլ նորություններ