Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացվեց ՈՒԵՖԱ –ի Ազգերի լիգայի երրորդ խմբի չորրորդ ենթախմբի առաջին խաղը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն: Միանգամից ասենք, որ տանտերերը համոզիչ հաղթանակ տարան խոշոր ՝ 4 : 1 հաշվով:
Խաղի վեցերորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լեհաստանի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Երեք րոպե անց հաշիվը հավասարվեց / ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգի Հարությունյանը /:
35-րդ րոպեին սեփական դարպասը գրավելու հերթը հասավ Լատվիայի հավաքականի պաշտպան Կասպարս Դուբրային։
48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի օգտին երրորդ գոլը խփեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» թիմի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
86-րդ րոպեին փոխարինման մտած Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի փոխանցած գնդակը մրցակցի դարպասը մխրճեց ՌԴ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հայաստանի հավաքականը երեք միավորով գլխավորեց չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը:
Մեր ընտրանին վաղը ՝ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
Հետխաղյա մամուլի ասուլիսում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն հետևյալն ասաց. « Կեցցեն տղաները, նրանցից գոհ եմ . . . »: Նա նաև հատուկ խնդրանքով ընդգծեց, որ չարժե մեր ֆուտբոլիստներին չափից շատ գովաբանել և պետք է մոռանալ այսօրվա հաղթանակը։