ՄԵԾ ԲԱՍԿԵՏԲՈԼԸ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

12:47 - 22 Նոյ, 2024

<<  . . .  Հայաստանը նայում էր բասկետբոլ, Հայաստանը վայելում էր բասկետբոլ, և մեր հավաքականը գեղեցիկ հաղթանակ տարավ։ Շնորհակալ եմ մեր թիմին, մարզիչներին և, իհարկե, շնորհակալություն մեր մարզասերներին, ովքեր խաղի ամբողջ ընթացքում քաջալերում էին մեր թիմին։ Հայաստանի հաղթանակները դեռ առջևում են >>։

Ընթերցողին ներկայացրինք պատառիկ՝ անցնող տարվա փետրվարի 25 –ին Երևանում կայացած  Հայաստան – Ալբանիա հանդիպումից հետո՝  Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, անցյալի նշանավոր կենտրոնական Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան գրառումից:

Եվ ահա մեծ բասկետբոլը կրկին Հայաստանում է: Ընդամենը մեկ օր հետո, նոյեմբերի 24 –ին, ժամը 18. 00 –ին,  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր մրցասպարեզում կտրվի աշխարհի առաջնության նախընտրական փուլի  ծրագրով Հայաստան-Ավստրիա մրցամարտի մեկնարկը:

Կասկածից վեր է, որ հայ մարզասերը ականատես կլինի չափազանց լարված, անզիջում ու դրամատիկ պահերով հարուստ խաղի և մեր բասկետբոլիստների նվիրական պայքարին: Հիշենք թեկուզ Վիենայում նշած թիմերի միջև կայացած հանդիպումը: Թեև այն ժամանակ հաղթեցին տանտերերը, բայց ամենաարդյունավետ խաղացող  ճանաչվեց մեր  Քրիս Ջոնսը, որը վաստակեց  30 միավոր: Նա նաև հինգ անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և, բացի այդ,  կատարեց ութ արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը,  Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ, Օլիմպավանում, նոյեմբերի 15 –ից ուսումնամարզական հավաք է անցկացնում: Այն ծառայում է նպատակին և այդ մասին, հավանաբար գլխավոր մարզչի պաշտոնակատարը և հավաքականի առաջատար խաղացողներից Ալբերտ Թադևոսյանը  կխոսեն  այսօր, ժամը 14. 00 –ին Օլիմպավանում  նախատեսված մամուլի ասուլիսում:

Արժե նաև նշել, որ  վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 19:30- 20:00-ը, ՄՀՀ –ում տեղի կունենա  բաց մարզում:

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը առաջիկա  խաղից առաջ հիշարժան ուղերձ է հղել.  << Այդ օրը բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի, քանզի մեր թիմը հանդիպում է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ: Մենք ևս ունենք ուժեղ ազգային թիմ. կատարված է լուրջ նախապատրաստական աշխատանք և մեր բասկետբոլիստներից ակնկալում ենք լավագույն արդյունքներ: Լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո: Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը։ Սիրով բոլոր մարզասերներին հրավիրում եմ մարզահամերգային համալիր՝ ներկա գտնվելու դիտարժան խաղի ու մեր ներկայությամբ աջակցելու բասկետբոլիստներին>>:

Հուսանք, որ երևանցի մարզասերը  բարձր տրամադրությամբ հրաժեշտ կտա Ծիծեռնակաբերդի ՄՀՀ –ին . . .

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ