ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՝ ՄՐՑԱՄԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11:17 - 29 Նոյ, 2024

ՀԲՖ մամուլի քարտուղարությունը զրուցել է տղամարդկանց բասկետբոլի ՀՀ  հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանի հետ: Ներկայացնում ենք Հայաստան -  Ավստրիա հանդիպման վերաբերյալ նրա մեկնաբանությունը.


- Պարոն Ղազանչյան, ինչն էր Հայաստանի հավաքականի անհաջողության հիմնական պատճառը։

- Արդյունքը, անկեղծ ասած, շատ վատ էր։ Տանը նման հաշվով պարտվելը սարսափելի է։ Հատկապես դժվար էր, քանի որ թիմը կազմված է տարբեր երկրներից ժամանած խաղացողներից, ովքեր տարբեր ժամային գոտիներից էին գալիս։ Դա լուրջ մարտահրավեր էր մեզ համար։ Թերևս հիմնական պատճառն այն էր, որ թիմը ֆիզիկապես լավ պատրաստ չէր խաղին, քանի որ խաղացողներից շատերը խաղային պրակտիկա չունեին:

Թիմի ֆիզիկական պատրաստվածությունն այս խաղի համար շատ ցածր էր, քանի որ շատերը նոր էին վերականգնվել վնասվածքներից կամ վաղուց ասպարեզ դուրս չէին եկել։ Կարող ես ուժեղ լինել, արագ վազել, բայց առանց խաղային պրակտիկայի ոչինչ չի ստացվի։ Մեր խաղացողների մեծ մասը վերջին ամիսներին շատ քիչ խաղային փորձ ունի։ Օրինակ՝ Քրիս Ջոնսը այս ընթացքում ընդամենը երեք խաղի է մասնակցել, այն էլ՝ կարճ ժամանակով, քանի որ մատի կոտրվածք ուներ։ Մյուս խաղացողներն էլ քիչ խաղային պրակտիկա ունեին։ Բացի այդ, հոգեբանական առումով թիմը միասին շատ քիչ ժամանակ է անցկացրել, ինչը զգացնել էր տալիս թիմային գործողությունների ժամանակ։

- Թիմը 80 միավոր վաստակեց։ Ինչպե՞ս կգնահատեք հարձակման արդյունավետությունը։

- Ցավոք, չնայած 80 միավոր վաստակեցինք, հարձակման արդյունավետությունը ցածր էր։ Վերջին քառորդում վաստակեցինք 27 միավոր, բայց այդ պահին խաղի ելքը որոշված էր, և ավստրիացիներն արդեն թուլացրել էին խաղը։ Մենք շատ նետումներ ձախողեցինք, հատկապես 3 միավորանոց նետումները։ Ի տարբերություն ավստրիացիների՝ մեր թիմն ընդհանրապես խաղարկվածություն չուներ։

- Անդրադառնանք նաև պաշտպանությանը:

- Որոշ խաղացողներ կարծում էին, որ միայն հարձակման շնորհիվ հնարավոր կլինի հաղթել, և բավարար ուշադրություն չէին դարձնում պաշտպանությանը։ Ավստրիացիները ֆանտաստիկ արդյունավետություն ցուցադրեցին։ Ես տարիներ շարունակ տարբեր թիմերի մարզիչ եմ եղել, բայց նման արդյունավետություն երբեք չէի տեսել։ Ավստրիացիների երեք միավորանոց նետումները ֆանտաստիկ էին: Սովորաբար թիմերը երեք միավորանոց նետումների 30-35% տոկոս արդյունավետություն են ցուցադրում, իսկ ավստրիացիները մեր դեմ գրեթե 70% արդյունավետություն ցուցաբերեցին: Սա ապշեցուցիչ է: Նման բան լինում է հազվադեպ: Համենայնդեպս ես նման արդյունավետություն երբեք չեմ տեսել:

- Որո՞նք են հավաքականի առաջիկա քայլերը։

- Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք թիմային պատրաստվածությանը, խաղային պրակտիկայի ավելացմանը և պաշտպանական համակարգի զարգացմանը։ Վստահ եմ, որ առաջիկա խաղերում կտեսնենք զգալի բարելավում ինչպես անհատական, այնպես էլ թիմային մակարդակով։ Հույս ունեմ, որ մեր խաղացողներն էլ ավելի լավ վիճակում կժամանեն հավաքականի հետագա խաղերին: Պետք է գիտակցենք, որ Հայաստանը ընտրության մեծ հնարավորություն չունի և ստիպված ենք լինում հրավիրել նաև խաղացողների, որոնք չունեն խաղային պրակտիկա:

Այլ նորություններ