Լիզա Չադրչյան. Մարզմնամարզությունում մեր աղջիկները զիջում են տղաներին

20:29 - 04 Մար, 2017

Ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չադրչյանն ակնկալում էր, որ առաջնության մակարդակն ավելի բարձր պետք է լիներ.

«Վերջին օրերին մեր աղջիկներից մի քանիսը վատառողջ էին, նաեւ վնասվածքներ ունեին: Գուցե սա է պատճառը, որ առաջնության մակարդակն սպասվածից ցածր էր:

Մի քանի մարզիկներ մասնակցեցին ինչպես հարկն է, չնայած` կարող էին մի փոքր ավելի լավ: Մոտ օրերս ծրագիր ունենք, կաշխատենք` կվերականգնենք վնասվածքներից: Ամեն ինչ  տեղը կընկնի:

Որոշ գործիքների վրա ունենք 14 միավորի հասնող բազա: Ցանկանում ենք մի փոքր բարձրացնել ցուցանիշը, իհարկե եթե սխալներ թույլ չտանք: Սակայն, ավելի լավ է կատարել բազայով եւ չվրիպել: Մարմնամարզությունում մեր աղջիկները զիջում են տղաներին»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Լիզա Չադրչյանը հայտնեց, որ բազմամարտի Հայաստանի չեմպիոն Աննա Գրիգորյանն ամռանը պատրաստվում է մասնակցել օլիմպիական փառատոնին.

«Աննայի վարժության մեջ նոր տարրեր էինք ավելացրել, բոլորը կատարեց: Նա վատ չաշխատեց: Հույս ունենք, որ կհաջողվի ձեռք բերել պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

Առաջիկայում միջազգային մրցաշարեր կան: Պետք է քննարկենք եւ հասկանանք` որին ավելի նպատակահարմար կլինի մասնակցել: 3 աղջիկ պատրաստ են միջազգային ասպարեզ դուրս գալ»,- նշեց Լիզա Չադրչյանը: 

Այլ նորություններ