Բասկետբոլի Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունների որակավորման փուլի վիճակահանությունը անցկացվեց Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների թիմն ընդգրկվեց C դիվիզիոնի A խմբում: Մրցակիցներն են Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հավաքականները:Մրցաշարը կանցկացվի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ հուլիսի 5-13-ը:
Աղջիկների նույն տարիքայինների մեր թիմը, վերը նշած դիվիզիոնի և խմբի ծրագրով կմրցի Ջիբրալթարի, Վրաստանի և Կիպրոսի իրենց հասակակիցների հետ՝ Կոսովոյի Պեյա քաղաքում ՝ հուլիսի 8-13-ը ։
Մինչև 18 տարեկան տղաների մեր թիմի մրցակիցներն են Կիպրոսի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականները։ Ստուգատեսը կանցկացվի հուլիսի 19-27-ը՝ Ալբանիայի Դյուրես քաղաքում։ Նույն տարիքի մեր մարզուհիները կպայքարեն Ալբանիայի և Անդորրայի ներկայացուցիչների դեմ: Խաղերը կանցկացվեն հուլիսի 22-27-ը՝ Անդորրայում։
Երիտասարդների / մինչև 20 տարեկան / ՀՀ հավաքականը B դիվիզիոնի՝ B խմբում կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի ընտրանիների հետ: Այդ մրցաշարի նկատմամբ Հայաստանի մարզասերների հետաքրքրությունը առավել մեծ կլինի, քանզի միջոցառումը կանցկացվի հուլիսի 11-20-ը՝ Երևանում։