ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՝ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱԶՄԵՐՈՎ

14:37 - 31 Հուն, 2025

Սուսերամարտի  աշխարհի անհատական – թիմային առաջնությունը տեղի կունենա Վրաստանում ՝ հուլիսի 20 30 –ը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նման որոշումը գոհացրել է Հայաստանի մասնագետներին: Վաստակավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր պատվիրակությունը  ամբողջական կազմով մրցավայր կմեկնի ավտոմեքենաներով: Փաստորեն հայաստանցի  սուսերակիրները միաժամանակ կհարստացնեն իրենց վարպետությունը և մրցափորձը: Էլ չենք ասում  ֆինանսական խնայողության մասին:

Մինչ թբիլիսյան ստուգատեսը  մերոնք, բնական  է, պարապուրդի չեն մատնվի: Փետրվարի 7 - 9  -ը  Երևանում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական առաջնությունը:Կհաջորդի Գյումրիում փետրվարի 10 –ին սկսվելիք ուսումնամարզական տասնօրյա հավաքը: Ավարտից հետո պատանեկան և երիտասարդական թիմերը կմեկնեն Թուրքիայի Անթալիա, որտեղ իրենց սուսերները կխաչաձևեն փետրվարի 22 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Մրցումային գրաֆիկը շարունակական է: Այսպես, մերոնք ապրիլին Չինաստանում կմրցեն աշխարհի երիտասարդական առաջնությունում: Իսկ հունիսին Իտալիայի Ջենովայում  մեծահասակաները հանդես կգան  Եվրոպայի առաջնությունում:

Ամռան ավարտին  տարբեր երկրներից մեր մայրաքաղաք կժամանեն միջազգային ավանդական մրցաշարի մասնակիցները:

Ուրախալի է, որ անցյալ տարի Հայաստանի քաղաքացիություն ստացավ միջազգային ֆեդերացիայում մեծ հեղինակություն վայելող, օլիմպիական երկու  խաղերի մասնակից, ամերիկաբնակ  Սարգիս  Ասադուրյանը: Ավելին, նա մեր երկրից առաջինը և միակը դարձավ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամ: Սա մեծ պատիվ է մեզ համար:

Հարկ է ընդգծել նաև, որ համապետական ֆեդերացիայի ջանքերով վերջին տարիներին ձեռք է բերվել արժեքավոր գույք և հանդերձանք: Կարճ ժամանակ հետո սուսերամարտիկները կստանան ևս մեկ մարտուղյակ՝ էլեկտրոնային օժանդակ սարքերով:  

Այլ նորություններ