Հայաստանում թաեքվոնդո մարզաձևը որոշակի տարածում ունի: Խմբեր են գործում Երևանում, Գյումրիում, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Մարզիչների ղեկավարությամբ մարզաձևում հմտանում են տարբեր տարիքի ավելի քան 1500 մարզիկ –մարզուհիներ: Ուզում ենք հավատալ, որ նրանց շարքերում կաճեն մարտունակ վարպետներ, այնպիսիք, ինչպիսին էր, օրինակ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից Արման Երեմյանը: Ի դեպ, նա հրաժեշտ է տվել գործուն սպորտին, բայց մնացել է մարզաձևում ՝ որպես մարզիչ: Նրա և Էդվարդ Վարժապետյանի ղեկավարությամբ ԱՄՆ-ի Ռենո քաղաքում փետրվարի 14-17 – ը կայանալիք << US Open - 2025 >> միջազգային մրցաշարում մեր երկիրը կներկայացնեն Մելանի Այվազյանը / 44 կգ /, Արմանի որդի Ստյոպա Երեմյանը / 63 կգ / և Ալեքս Մելիքյանը / 54 կգ /։
Վերը նշածի մասին զրույցի ժամանակ տեղեկացրեց մարզաձևի համապետական ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը: Նա ներկայացրեց նաև ընթացիկ մրցաշրջանի առաջին կիսամյակում կայանալիք միջոցառումների ծրագիրը:
Նախ՝ փետրվարի 7-9-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվելիք միջազգային բաց մրցաշարը, որտեղ մեր երկիրը կներկայացնի միայն Ալեքս Մելիքյանը / 54 կգ /: Այնուհետև ՝ փետրվարի 9- ին, ԱՄԷ -ի Ֆուջեյրա քաղաքում նշանակված « Fujairah Open - 2025 » միջազգայինը: Տատամիների վրա կմրցեն տարիքային երեք խմբերի ներկայացուցիչներ: Հայաստանը կգործուղի 22 մարզիկ և մեկ մարզուհի: Նրանց մրցավայր կուղեկցեն հինգ մարզիչներ:
Մարտ ամսի երրորդ տասնօրյակում նախատեսված են ՀՀ առաջնությունները, որոնց կհաջորդի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ապրիլի վեցին մեկնարկելիք Եվրոպայի ակումբային ստուգատեսը: