ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

12:27 - 12 Փետ, 2025

Մեզանում եղած լողավազանները պարապուրդի չեն մատնվում: Հագեցած է լողորդների առօրյան:  

Մարզաձևի  հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ  նպատակային պարապմունքներ են անցկացվում  մայրաքաղաքի  << Գրանդ սպորտ >>  և << Ռիբոկ >> լողավազաններում :

Զրուցեցինք գլխավոր մարզչի հետ: Նա  ասաց, որ Երևանում  ապրիլին նախատեսված է  ՀՀ առաջնությունը: Այն ընտրական բնույթ կկրի և լավագույնները Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում կմասնակցեն ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավող ուսումնամարզական հավաքի: Բնական է, որ աչքաթող չեն արվի նաև տեխնիկատակտիկական հարցերը:

Լողորդների առջև խնդիր է դրված լավագույն  մարզավիճակով ներկայանալ  Սինգապուրում և Բուխարեստում հաջորդաբար հուլիս – օգոսոտոս ամիսներին  նշանակված աշխարհի մեծահասակների և պատանիների առաջնություններին: Մեր ներկայացուցիչները հանդես  կգան նաև  Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում հուլիսին անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնում: Նույն ամսին ՀՀ պատվիրակները Բեռլինում իրենց ունակությունները կդրսևորեն համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով կայանալիք մրցաշարում:

Այնուհետև հավաքականների և ակումբային թիմերի լողորդները  պարապմունքները կշարունակեն տեղերում: Ընթացքում նրանք   կմասնակցեն  ՀՀ պատանեկան և միջազգային ստուգատեսների:

Կարևորվում են նաև տարվերջյան մեկնարկները: Մրցումներով ծանրաբեռնված է հատկապես  դեկտեմբերը: Բուդապեշտում տեղի կունենա << կարճ ջրի >>  Եվրոպայի առաջնությունը, Սանկտ Պետերբուրգում ՝  օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Սալնիկովի անվան և Երևանում ՝ ՀՀ գավաթների խաղարկությունները:

 

 

Այլ նորություններ