ԽԱՂԱԴԱՇՏ ԿՄՏՆԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

10:47 - 20 Փետ, 2025

Ալբանիայի մայրաքաղաք  Տիրանայում  այսօր տեղի կունենա Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի  ազգային հավաքականի և տեղի ընտրանու պատասխան հանդիպումը: Սպասվում է  չափազանց դիտարժան մրցամարտ, քանզի այն խմբային փուլի վերջին հանդիպումն է և որոշիչ է  2027թ. աշխարհի առաջնության հաջորդ փուլ անցնելու համար:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ,  սերբ Բոգդան Կարաչիչը տեսակապով երեկ ՀԲՖ –ի ֆեյսբուքյան  էջում խոսել է թիմի ընդհանուր վիճակի մասին: Նա մասնավորապես ասել է, որ Տիրանայում արդեն ունեցել են մի քանի պարապմունքներ:

Տղաները լիովին տրամադրված են իրենց գործին և կենտրոնացած են հիմնական նպատակը իրականացնելու համար: Այնուամենայնիվ իրավիճակն այնքան էլ հեշտ չէ, քանի որ չեն հասցրել ունենալ անհրաժեշտ քանակի մարզումներ: Բայց խաղացողների վճռականությունն աներեր է և պետք է հավատալ, որ նրանք մրցամարտում կներդնեն իրենց ողջ ներուժը՝ հաղթելու և հաջորդ փուլ անցնելու համար: Այդ անելը նրանց ուժերից վեր գործ չէ, մանավանդ որ լուրջ վնասվածքներ չկան:

Ալբանացիների հետ ծանր պայքար է սպասվում: Այդ մասին գիտեն  բոլոր  12 խաղացողները, որոնք մարտական տրամադրությամբ կելնեն ասպարեզ:

Հավատանք ՀՀ հավաքականի հաջողությանը և հավելենք, որ հանդիպումը այսօր կմեկնարկի Երևանի ժամանակով 22. 00 –ին:  

 

 

 

Այլ նորություններ