ԴԺՎԱՐԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

10:57 - 27 Փետ, 2025

Ընթացիկ մրցաշրջանը անհամեմատ հարուստ է  ըմբշամարտի իրադարձություններով: Ահավասիկ, Տիրանայում մեկնարկած ազատ ոճայինների միջազգային մրցաշարը, որը կարևորվում է անձնական վարկանիշը բարելավելու, քաշային կարգերի դասակարգման ցանկում բարձր հորիզոնական զբաղեցնելու  առումով:

Հաղթելու նպատակով մրցագորգ ելան  նաև մեր երկրի ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը / 57 կգ /, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը / երկուսն էլ ՝ 70կգ /, Նարեկ Հարությունյանը / 74 կգ /,Հայկ Պապիկյանը / 79 կգ / և Գուրգեն Սիմոնյանը / 97 կգ /:

Նշած ըմբիշներին մրցավայր է ուղեկցել ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Մեկնարկում մեր տղաներից առավել վստահ հանդես եկավ անվանի Վազգեն Թևանյանը: Նա, որ մրցեց  ավելի բարձր՝ 70 կգ քաշային կարգում, հաղթանակներ տարավ հաջորդաբար բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևի / 4 : 0 / մոլդովացի Վասիլե Դիակոնի / 3 : 2 /, վրացի Ակակի Կեմերտելիձեի / 6 : 0 / նկատմամբ և մտավ եզրափակիչ:

Վճռական փուլում արտաշատցի վարպետը գոտեմարտեց աշխարհի  փոխչեմպիոն, ճապոնացի Յոշինոսուկի Աոյագի հետ և, ավաղ,  պարտվեց 1:4 հաշվով: Բայց Վազգենի գրաված երկրորդ տեղն էլ գոհացնող է, քանզի նոր քաշային կարգում հաստատված ու  ավելի մարմնեղ տղաների դեմ մրցավեճում Թևանյանը հոգնեց և այդ հանգամանքը իրեն զգացնել տվեց վերջին մարտում: Նրա համաքաղաքացի և թիմակից Արման Անդրեասյանը նույնպես հայտավորված էր  70 կգ քաշային կարգում: Ափսոս, որ նա վատառողջ էր և անկարող եղավ ելնել մրցագորգ:

Մանվել Խնձրցյանը և Նարեկ Հարությունյանը նախնական փուլերում պարտվեցին ու դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Այսօր մրցագորգ կելնեն Հայկ Պապիկյանը և Գուրգեն Սիմոնյանը:

Նշենք, որ թիմի մյուս անդամները,  երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաքի են մասնակցում Երևանի Օլիմպավանում:

Մարտի 12 –ից Տիրանան կրկին կդառնա  ըմբիշների մրցավայր, որտեղ պայքարի կելնեն  մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Անշուշտ առավել կարևոր է Սլովակիայում ապրիլին անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

 

Այլ նորություններ