ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՆ ՈՒ ՀՈՒՅՍԵՐԸ

11:57 - 28 Փետ, 2025

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ, գյումրեցի  Ռուդիկ Մկրտչյանը գոհ է տարեսկզբին Երևանում անցկացված երկրի առաջնությունից: Նա զրույցի ժամանակ նշեց, որ միջոցառումը մասնակիցների մարզական որակները  լիովին ճանաչելու հնարավորություն ընձեռեց: Բոլոր քաշային կարգերում  կան հուսալի մարզիկներ, որոնք հաջողության կարող են հասնել  միջազգային պատասխանատու մրցաշարերում:

Բռնքամարտիկները այժմ մարզվում են տեղերում ՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ: Մարտի երեքից, ՀՀ առաջնության մրցանակակիրները, գլխավոր մարզչի ղեկավարությամբ,  Գյումրիում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի:

Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինի սաների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակների բարելավումը:

Հաջորդ հավաքը կանցկացվի մայրաքաղաքի Օլիմպավանում ու  տղաներին կտրվի տեխնիկատակտիկական հատկանիշները հղկելու առաջադրանք: Իհարկե,  նաև անհատական աշխատանք կտարվի պարապողների մոտ նկատվող այս կամ այն թերությունները շտկելու ուղղությամբ:

Առաջին եռամսյակում կատարած գործի արդյունքը ցույց կտա << Երևանի գավաթ >>  անվանումով ապրիլի 14 – 20 –ը կայանալիք միջազգային մրցաշարը:

Նախատեսվում է կազմակերպել ևս երկու ուսումնամարզական հավաք /Հայաստանում, ապա՝ արտերկրում/: Այդքանից հետո վերջնականապես կճշտվի ազգային թիմի հիմնական կազմը, որը կմասնակցի մայիսին նշանակված աշխարհի առաջնությանը / մրցավայրը դեռևս հայտնի չէ / :

Մեր մայրաքաղաքում որոշված է անցկացնել ևս մեկ կարևոր ստուգատես: Սեպտեմբերին Եվրոպայի առաջնության մրցանակներին տիրելու համար կպայքարեն մինչև 23 տարեկան բռնցքամարտիկները:

Հավատանք, որ Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետները հաջողությամբ կավարտեն մարզական տարին և կարդարացնեն մարզասերների սպասելիքները:  

 

Այլ նորություններ