Վաղը` մարտի ութին, Սերբիայի Նիշ քաղաքում տեղի կունենա կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը և բացման արարողությունը, իսկ հաջորդ օրը կմեկնարկեն նախնական հանդիպումները: Եզրափակիչները նախատեսված են մարտի 16 –ին:
Մրցաշարին հայտավորված են 100 երկրների ավելի քան 500 մարզուհիներ, որոնք կներկայացնեն 12 քաշային կարգեր:
Խորհրդանշական է, որ կանանց աշխարհի առաջնությունը մեկնարկում է մարտի 8-ին։ Գուցե սա պատահականություն չէ, կամ էլ միտումնավոր է արվել այսպես։ Ամեն բանից անկախ, սպասվում է, որ կազմակերպիչները կշնորհավորեն մասնակիցներին, սակայն լավագույն նվերը իրենք իրենց կարող են պարգևել մարզուհիները: Դա ռինգում կայանալիք պայքարը և հաղթանակը կլինի:
Ընդհանրապես աշխարհի առաջնությունը մասշտաբային իրադարձություն է։ Մրցումները կանցկացվեն 5000 տեղանոց ժամանակակից «Չաիր» մարզահամալիրում, որտեղ կայացել են տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ:
Հարկ է նշել, որ մրցանակային հիմնադրամը կազմում է շուրջ երեք մլն դոլար։ Յուրաքանչյուր քաշային կարգի չեմպիոնը կստանա 100 հազար, արծաթե մեդալակիրը՝ 50, իսկ բրոնզե՝ 25 հազար դոլար։ Բացի այդ, առաջին անգամ դրամական մրցանակներ կտրամադրվեն նաև քառորդ եզրափակիչում պարտվողներին։ Նրանցից յուրաքանչյուրը կստանա 10 հազար դոլար։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը ռինգ կուղեկցի չորս մարզուհիների՝ Անուշ Գրիգորյանին / 50կգ /, Եկատերինա Սիչևային / 54 կգ /, Էլիդա Քոչարյանին / 60 կգ / և Սոնա Հարությունյանին / 63 կգ /: Առաջնությանը իր որոշմամբ չի մասնակցի Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Անի Հովսեփյանը: