Հայաստանում մենապայքարային մարզաձևերի զարգացման և տարածման գործում անուրանալի ծառայություն ունի երևանցի Լյովա Վարդանյանը: Նա ազատ ըմբշամարտից ԽՍՀՄ սպորտի վարպետ էր, վաստակավոր մարզիչ և աշխատող:
Լյովա Վարդանյանը գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո մարզիչ է աշխատել և նրա սաները շարունակաբար համալրել են Հայաստանի հավաքականները:
Իր գործի նվիրյալ մասնագետը հրավիրվել է հայսպորպետկոմ / ներկայիս ԿԳՄՍ / և ղեկավարել է մենապայքարային մարզաձևերի բաժինը: Նրա գործունեության տասնամյակների ընթացքում մեր մարզիկները խոսուն հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում , օլիմպիական խաղերում և միջազգային մրցաշարերում: Ավաղ, արդեն չորս տարի է, որ կյանքին հրաժեշտ է տվել շնորհալի Լյովա Վարդանյանը: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում չորրորդ անգամ կազմակերպվեց մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշների մասնակցությամբ միջազգային մրցաշար: Ի դեպ, այդ ստուգատեսը անցկացվեց այժմ արդեն նախկին << Միկա >> մարզապալատում, որը վերանվանվել է հայեցի << Արաքս >> անունով, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ:
Մրցագորգ ելան 11 երկրների ավելին քան 200 ազատ ոճի մարզիկներ:
Տանտերերից առավել հաջող հանդես եկան 61 կգ քաշայինները: Նրանք զբաղեցրին պատվո պատվանդանի բոլոր աստիճանները՝ հետևյալ հաջորդականությամբ. Հարություն Հովհաննիսյան, Էրիկ Հայրիյան և Գագիկ Ղազարյան:
Մեր ըմբիշներից Րաֆֆի Արտուշյանը / 65 կգ / դարձավ երկրորդ, իսկ Տիգրան Ղազարյանը / 70 կգ /, Ռազմիկ Եփրեմյանը / 86 կգ / և Խաչատուր Խաչատրյանը / 125 կգ / կանգնեցին պատվանդանի երրորդ աստիճանին: