ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

10:37 - 09 Ապր, 2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այսօր կավարտվի Եվրոպայի ազատ ըմբշամարտի առաջնությունը: Մրցաշարի առաջին կեսում, հինգ քաշային կարգերից երկուսում, մեդալակիր դարձան մեր երկրի պատվիրակներ, Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցի տնօրեն Ռաֆիկ Գոլեցյանի անձնական սաներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը: Նրանք երկուսն էլ մրցագորգի հեղինակավոր վարպետներ են ու բազմիցս  հաջողություն են ունեցել պաշտոնական խոշոր մրցումներում:

Հին աշխարհամասի ստուգատեսում մրցանակակիր դառնալն իսկ մեծ պատիվ է: Այդ մասին քաջ գիտեն նշած ըմբիշները: Ավաղ, այս անգամ նվաճած բրոնզե մեդալը լիովին չգոհացրեց 65 կգ քաշային Վազգեն Թևանյանին:

Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Ոսկե մեդալի համար պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Արմանը լավագույնի տիտղոսը զիջեց / 1: 4 /  աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Բաևին:

Այս ստուգատեսում կրկին հաջողությամբ են հանդես գալիս մասնակցության իրավունք ստացած և մարզաձևի միջազգային դրոշի ներքո հանդես եկող ՌԴ  հավաքականի հյուսիսկովկասցի ըմբիշները:

Չկասկածենք, որ այսօր մեր թիմի մեկ այլ հեղինակություն՝  Եվրոպայի քառակի ոսկե դափնեկիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, մասիսցի 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հինգերորդ ոսկին նվաճելու վճռականությամբ կելնի ասպարեզ: Մրցակիցը Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևն է: Հուսանք, որ Արսենը իրենը կանի՝ կհաղթի . . .

Այլ նորություններ