Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում այսօր կավարտվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Մեր երկրից, ցերեկային մրցահերթում, ժամը 14. 00 –ից պայքարի կելնեն կանանց մրցաշարի մասնակիցներ , + 87 կգ քաշայիններ, արարատցի Ջուլիետա Ավանեսյանը և գյումրեցի Մերի Թումասյանը:
Տղամարդկանց մրցաշարում, ժամը 17. 00 –ից մրցավեճի կբռնվեն գերծանրքաշայինները:
Հայ մարզասերը, անշուշտ, ուշադրությամբ կհետևի գյումրեցի հերկուլես, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի կատարումներին: Հուսանք, որ ծանրահարթակի մեր արժանապատիվ վարպետը կարդարացնի սպասելիքները:
Հետաքրքիր պայքարում ընթացան նախորդ երեք օրերին կայացած մրցումները: Հայաստանի ներկայացուցիչներից թերևս իր ունակությունները չկարողացավ դրսևորել արարատցի Մնացական Աբրահամյանը / 89 կգ /: Նա 0 ստացավ և պոկում , և հրում վարժություններում ու գլխիկոր հեռացավ ասպարեզից: Իսկ ահա կանանց մրցաշրում երկամարտի 231 կգ / 100 կգ + 131 կգ / արդյունքով փոխչեմպիոնի պատվին արժանացավ գյումրեցի, Քրիստինե Պետրոսյանի սան Աննա Ամրոյանը / 76 կգ /:
Նույն քաշային կարգում մեր երկրորդ պատվիրակ, սամաղարցի Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ / 95 կգ + 131 կգ / արդյունքով եզրափակեց մրցանակային վեցյակը:
Նրանց մարզընկերուհիները ՝ 81 կգ քաշայիններ, գյումրեցի Էմմա Պողոսյանը և արարատցի Մարգարիտա Առաքելյանը գրավեցին համապատասխանաբար հինգերորդ և տասներորդ տեղերը:
Լարված պայքարում անցավ 96 կգ քաշայինների մրցությունը: Էջմիածինցի Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 376 կգ / 173կգ + 203 կգ / ցուցանիշով ճանաչվեց երրորդը և ստացավ բրոնզե պարգև:
Երեկ՝ ապրիլի 20-ին, մեր երկրից հանդես եկան միանգամից վեց մարզիկներ:
102 կգ քաշայիններ, գյումրեցի Արա Աղանյանը երկամարտի 380 կգ / 175 կգ + 205 կգ / արդյունքով գրավեց չորրորդ , իսկ արարատցի Պետրոս Պետրոսյանը՝ 370 կգ / 165 կգ + 205 կգ /՝ հինգերորդ տեղը:
Ուշագրավ էին կանանց 87 կգ քաշայինների ելույթները: Մենք ունեինք երկու պատվիրակ՝ երևանցիներ Տաթև Հակոբյանը և Լիանա Գյուրջյանը: Նրանք անզիջում պայքար մղեցին: Ափսոսեցինք, որ Տաթև Հակոբյանի մոտեցումներից անթերի թվացող երկուսը չհաշվեցին մրցավարները: Հակառակ պարագայում նա երրորդ մրցանակով կվերադառնար հայրենիք: Երկամարտում մարզուհին ճանաչվեց չորորրդը՝ 232 կգ / 110 կգ + 122 կգ /: Իսկ ահա Լիանան գերազանցեց ինքն իրեն՝ սահմանելով անձնական ռեկորդ. սանձեց 246 կգ / 106 կգ + 140 կգ /, նվաճեց փոխչեմպիոնի կոչումը և այդ հաջողությունը նվիրեց սիրելի հայրիկի տարեդարձին:
Ծանրամարտի յուրատեսակ ներկայացում հիշեցրեց գյումրեցի Գարիկ Կարապետյան – էջմիածինցի Սիմոն Մարտիրոսյան պայքարը: Առաջինի անձնական մարզիչն է անցյալի նշանավոր վարպետ հայրը՝ Ալեքսան Կարապետյանը, իսկ երկրորդինը ՝ Աշոտ Փիլոսյանը:
Չափազանց լարված ու դրամատիկ պայքարում, ի վերջո հաղթեց Գարիկ Կարապետյանը ՝ 411 կգ / 185 կգ + 226 կգ /: Դա մեր հավաքականի հաշվին գրանցված առաջին ոսկե պարգևն էր: Սիմոն Մարտիրոսյանը նրանից ետ մնաց հինգ կիոլգրամով. 406 կգ / 181 կգ + 225 կգ /: Նա բավարարվեց արծաթով, իսկ մենք հպարտությամբ հիշում ենք, որ նույն քաշային կարգում Սիմոնի սահմանած համաշխարհային ռեկորդը / 435կգ / մինչ օրս անսասան է և այդպես էլ կմնա, քանզի առաջիկա հունիսից փոխվելու են քաշային կարգերը ու 10 –ի փոխարեն կմնա ութը:
Հայկական << դուետի >> պայքարի մասին ահա թե ինչ գրառում է կատարել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը. << Րոպեներ առաջ Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկու ծանրորդները՝ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը լավագույնը ճանաչվեցին: Գարիկը՝ ոսկե, իսկ Սիմոնը արծաթե մեդալակիր են: Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում։
Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր մարզիկներին տպավորիչ հաղթանակի համար և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին՝ կատարած ահռելի աշխատանքի համար։ Հայաստանին հենց այսպիսի հաղթանակներ են պետք՝ արժանապատիվ, անվերապահ ու համազգային հպարտություն պարգևող >>:
Միանում ենք շնորհավորանքին և այսօր սպասում նոր, խոսուն հաղթանակի: