ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ «ՔՆՆԱՇՐՋԱՆԸ»

15:17 - 26 Մայ, 2025

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ, Օրենբուրգ և Լիտվայի Կաունաս քաղաքներում միաժամանակ անցկացվեցին ձյուդոյի միջազգային մրցաշարեր: Մասնակիցների թվում են եղել նաև մեր երկրի ներկայացուցիչները:

Խաբարովսկում, «Ռուսական ձյուդոյի տուր» մրցումների առաջին փուլում,   հանդես եկան 18 երկրների պատվիրակներ:

Հրազդանցի Դավիթ Աղասյանը / 66 կգ / հինգ անգամ ելավ տատամի, իր օգտին գրանցեց չորս հաղթանակ և մտավ եզրափակիչ: Վճռական գոտեմարտը նա տանուլ տվեց և բավարարվեց երկրորդ տեղով:  

«Եվրազիայի գավաթ»  անվանումն էր կրում  օրենբուրգյան ստուգատեսը: Մասնակցեցին յոթ երկրների  մինչև 18 տարեկան 300 պատանի ձյուդոիստներ:

Երևանցի Ժորա Գևորգյանը / 81 կգ / հաղթեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին  տեղը և  նվաճեց ոսկե մեդալ: Նրա համաքաղաքացի  Նարեկ Նահապետյանը / 60 կգ / դարձավ բրոնզե մեդալակիր:

Կաունասում իրենց հարաբերությունները որոշեցին Եվրոպայի գավաթի երիտասարդական  խաղարկության մասնակիցները: Բարձրքաշայինների պայքարին տոն տվեց նաև մեր Գոռ Կարապետյանը / 100 կգ /, որը գրավեց երրորդ տեղը: 

Առաջիկայում  մեր մարզիկների մասնակցությամբ պաշտոնական կարևոր մրցումներ կան: Նախ՝ հունիսի 13 – 20 –ը Բուդապեշտում  տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Կմասնակցեն միայն համաշխարհային դասակարգման անհատական ցանկում համապատասխան վարկանիշ ունեցող ձյուդոիստները: Մեր երկիրը կներկայացնի միայն Աշիկ Անդրեյանը / 60 կգ /: Կհաջորդի Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում հունիսի 26 – 29 –ը նշանակված Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

 

Այլ նորություններ