ՓԱՌԱՀԵՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ

10:37 - 02 Հուն, 2025

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից  մեդալների հարուստ ավարով հայրենիք վերադաձավ մեր երկրի տղամարդկանց հավաքականը: Այդ առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է  մրցաշարի մեր հերոսներին:

Ներկայացնում ենք  ՀԱՕԿ նախագահի ուղերձը. << Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին: Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին: Իսկ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն և աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արթուրին ու նրա մարզիչներին:

Ուրախ եմ և հպարտ, որ մեր մարզիկները շարունակում են Ալբերտ Ազարյանից, Հրանտ Շահինյանից մեզ ժառանգություն մնացած հաղթական ավանդույթները: Հենց այս հաղթանակներով ենք մենք հզոր ու կանգուն... >>:

Անդրադառնալով Հայաստանի պատվիրակների մրցելույթներին, հավելենք, որ հենացատկորդ Արթուր Դավթյանից բացի, չեմպիոնի պատվին արժանացավ շնորհաշատ Համլետ Մանուկյանը: Գովելի է, որ հին աշխարհամասի առաջնությունում նրա նորամուտը նշանավորվեց բարձրագույն կոչումով: Հաճույքով ենք ընդգծում, որ պատվո պատվանդանին, նժույգթափեր մրցաձևում մեդալներ նվաճած մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ,  առաջինը ճանաչված Համլետի կողքին կանգնած էր փոխչեմպիոնի պատվին արժանացած և արծաթե մեդալով պարգևատրված թիմակիցը ՝ Մամիկոն Խաչատրյանը:

Առաջին անգամ Եվրոպական ստուգատեսի մրցանակակիր դարձավ նաև Արթուր Ավետիսյանը: Նա երրորդը ճանաչվեց օղակների վրա կատարած վարժությունում:

Նույն մրցաձևում հրաշալի յոթնյակը եզրափակեց հրաշալի վարպետ, մեր երկրի մարզական դրոշի հեղինակությունը բազմիցս պատվով պաշտպանած, հեղինակավոր Վահագն Դավթյանը:

Հաջողության գործում անվիճելի է հավաքականի գլխավոր մարզիչ, բազմափորձ  Հակոբ Սերոբյանի և նրա ղեկավարած մարզչական համակազմի  դերը:

Շնորհավորում ենք մեր փառահեղ թիմին, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիային, մարզաշխարհի մարդկանց և մարզասերներին:

 

Այլ նորություններ