Տարիքային երեք խումբ էր ներկայացնում 15 հոգուց բաղկացած Հայաստանի ճկասուսեր զենքաձևի հավաքականը, որը մասնակցեց Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին:
Կրտսեր տարիքի ներկայացուցիչներից լավ ելույթներ ունեցան հեռանկարային մարզիկներ Մոնիկա Մարկոսյանը և Էդգար Մկրտչյանը, որոնք գրավեցին երկրորդ տեղը:
Լարված պայքարում է ընթացավ երիտասարդների մրցավեճը: Եզրափակիչ էին մտել իրենց հաշվին յոթական հաղթանակ գրանցած երևանցի Գագիկ Մորիկյանը և քութաիսցի Դավիթ Կիպիանին: Մրցակիցները ցուցադրեցին հավասարազոր վարպետություն: Տանտերը ուներ նաև մարզասերների աջակցությունը: Նման պարագայում վճռորոշ է դառնում բարոյակամային պատրաստականությունը, որով աչքի ընկավ երևանցին: Անզիջում մրցակցության վերջնափուլում հաշիվը հավասար էր ու այդ միջոցին անկոտրում Գագիկը վճռական խոցում կատարեց ու մեկ միավորի առավելությամբ պատվաբեր հաղթանակ տոնեց ՝ 15:14: Այդքանով չբավարարվեց մեր սուսերակիրը, որը լավագույնը ճանաչվեց նաև ավագ պատանիների մրցումներում: Բայց պատվո հարթակի վրա, երկրորդ աստիճանին, կանգնեց նրա գյումրեցի թիմակից Նարեկ Հովհաննիսյանը, որը երրորդն էր երիտասարդների միջև:
<< Բրոնզի >> արժանացավ նաև շնորհալի երիտասարդ մարզուհի Ասյա Մնոյանը:
Ճկասուսերակիրների ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը ընդգծեց նաև, որ այսօր երեկոյան / հունիսի 9 –ին / Հակոբ Մանուկյանը և Անահիտ Նավասարդյանը, մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի աջակցությամբ, ուսումնամարզական հավաքի կմեկնեն ԱՄՆ` Սան Ֆրանցիսկո: Այնտեղ նրանց կմիանա ՀՀ դրոշի ներքո հանդես եկող , տեղացի 17 –ամյա Ֆիրա Հովակիմյանը: Նպատակ կա ունենալ աղջիկների և կանանց հավաքական, որը միջազգային պատասխանատու մրցումներում կկարողանա մեր երկիրը ներկայացնել նաև թիմային պայքարում: