ԶԳԱԼԻ Է ASOIF –Ի ԴԵՐԸ

15:57 - 13 Հուն, 2025

Լոզանում տեղի է ունեցել  ամառային օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիայի / ASOIF  / 49-րդ համաժողովը:

Միջոցառումը առաջին անգամ  վարել է կազմակերպության նորընտիր  նախագահ Ինգմար Դե Վոսը: Նա մասնավորապես նշել է, որ ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները պատրաստ են կարևոր դեր ունենալ օլիմպիական շարժման մեջ և հնարավորության դեպքում կներդնեն իրենց փորձը:

Վոսը  բարձր է գնահատել նաև միջոցառմանը ներկա ՄՕԿ –ի նախագահ  Թոմաս Բախի տասներկու տարվա գործունեությունը   և հաջողություն է մաղթել նորընտիր ղեկավար Քիրսթի  Քովենթրիին՝ առաջիկա նախագահության ընթացքում:

Գագաթնաժողովում ընտրվել են  խորհրդի չորս նոր անդամներ. ըմբշամարտի միացյալ աշխարհի նախագահ Նենադ Լալովիչը, թիավարության համաշխարհային ֆեդերացիայի անդամ Ժան-Քրիստոֆ Ռոլանը, ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Անդրեաս Զագկլիսը, աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի  փոխնախագահ Խիմենա Ռեստրեպոն:

Ընդունվել են մի քանի կարևոր որոշումներ:

ՄՕԿ-ի գործկոմի   ճանաչումից հետո, համաշխարհային բռնցքամարտի նոր ֆեդերացիան  ընդունվել է  որպես ASOIF-ի անդամ:

Ի դեպ, ՄՕԿ-ի նստաշրջանը հաստատել է  բռնցքամարտի ներառումը Լոս Անջելեսի 2028թ. օլիմպիական խաղերի մարզական ծրագրում: Այս որոշումով պարզվել է  մարզաձևի օլիմպիական կարգավիճակի շուրջ առկա անորոշությունը:  

Հիշենք, որ 2024թ.  Փարիզի խաղերում ՄՕԿ-ը ինքն էր կազմակերպել բռնցքամարտի մրցաշարը:

Համաժողովը  միավորել է  բոլոր անդամ ֆեդերացիաներին և հիմք է  դրել նոր օլիմպիական ցիկլի համար, որը եզրափակվել է  LA - 28-ի, Բրիսբեն - 2032-ի, ինչպես նաև Դակար - 2026 պատանեկան  օլիմպիական խաղերի կազմկոմիտեների զեկույցներով։

Համաժողովը հարթակ է հանդիսացել համաշխարհային հակադոպինգային  և թեստավորման միջազգային գործակալությունների  հետ համագործակցությունն ու գործառնական կապերը ամրապնդելու համար։

 

 

 

Այլ նորություններ