«Դաքար – 2026 » պատանեկան օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 500 օր: Այն կանցկացվի եկող մրցաշրջանի հոկտեմբերի 31 –ից ՝ նոյեմբերի 13 –ը:
Նշենք, որ մրցաշարը նախատեսված էր կազմակերպել 2022թ., սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումը հետաձգվեց չորս տարով:
Այդ մարզահանդեսը չորրորդ օլիմպիական պատանեկանն է՝ ութ տարվա ընթացքում: Նախորդը անցկացվել է 2018թ.՝ Բուենոս Այրեսում։ Ստուգատեսը նաև առաջին խոշոր միջոցառումը կլինի, որը կանցկացվի ՄՕԿ-ի նոր նախագահ Քիրստի Քովենթրիի օրոք։
Կանխատեսվում է, որ Սենեգալի մայրաքաղաքում կհավաքվեն 2700 մարզիկ - մարզուհիներ։ Մրցումների ծրագիրը զգալիորեն փոխվել է: 25 մարզաձևեր են ներկայացված մրցումների ծրագրում. աթլետիկա, լող, նետաձգություն, բադմինտոն, բեյսբոլ, բասկետբոլ (3x3), բռնցքամարտ, բրեյք –դանս, խճուղային հեծանվավազք, ձիասպորտ, սուսերամարտ, ֆուտբոլ, սպորտային մարմնամարզություն, լողափնյա հանդբոլ, ձյուդո, թիավարություն, ռեգբի – 7, առագաստանավային սպորտ, սքեյթբորդինգ, սեղանի թենիս, թաեքվոնդո, եռամարտ, լողափնյա վոլեյբոլ, լողափնյա ըմբշամարտ և ուշու:
Օլիմպիական կառույցների պատրաստվածության մակարդակը գնահատվում է բարձր։ Աշխատանքները ընթանում են տարբեր տեխնոլոգիաների ներդրման և երկրպագուների համար ծառայությունների կազմակերպման ուղղությամբ, ներառյալ` տոմսերի վաճառքի համակարգը և անվտանգության կազմակերպումը։
Միջոցառման կարգախոսն է «Աֆրիկան ողջունում է, իսկ Դաքարը՝ տոնում »: