ՏԱՍՆԵՐՈՐԴԸ

15:37 - 26 Հուն, 2025

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը  18 մարզիկ – մարզուհու / 10 տղամարդ և 8 կին /  ուղեկցեց Եվրոպայի երրորդ դիվիզիոնի թիմային առաջնություն: Այն համալրված էր Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի և Կապանի ներկայացուցիչներով:

Ստուգատեսը տեղի ունեցավ  Սլովենիայի Մարիբոր քաղաքում:   

15 երկրների պայքարում մերոնք 264 միավորով  զբաղեցրին 10 –րդ տեղը:

Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Իսլանդիայի / 461, 5 միավոր /, Լյուքսեմբուրգի / 410 միավոր / և Բոսնիայի / 383 միավոր / հավաքականները:

Մեր պատվիրակներից թիմին ավելի շատ միավոր բերեց արտաշատցի ցատկորդ Գոռ Հովակիմյանը: Նա հեռացատկում գրավեց երրորդ / 7մ. 67 սմ. /, իսկ եռացատկում ՝ երկրորդ  / 16 մ. 29 սմ. /  տեղը: Երկու դեպքում էլ Գոռը սահմանեց անձնական ռեկորդ:

1500մ. վազքում երկրորդը ճանաչվեց գյումրեցի Երվանդ Գրիգորյանը / 3. 45, 98 / : Նա չորրորդն էր 800մ. վազքում / 1. 50, 75 /:

800 մետրը 2. 15, 70 ժամանակում անցավ գյումրեցի Մարի Սարգսյանը և գրավեց յոթերորդ տեղը:Նա իներորդը ճանաչվեց 1500մ. վազքում /4. 39, 02 /:

Առաջին քառյակը եզրափակեց երևանցի արագավազորդ Գայանե Չիլոյանը: Նա 200 մետրում  24, 39 վայրկյան արդյունքով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:

Դժգոհելու տեղիք չտվեց կապանցի հեռացատկորդ Յանա Սարգսյանը, որը 6մ. 01 սմ. ցուցանիշով եզրափակեց առաջին հնգյակը:

Անձնական ռեկորդ սահմանեց նաև երևանցի  Արամ Արամյանը: Նա 11 –րդն էր 400մ. արգելավազքում ՝ 57, 39 ժամանակով:

 

Այլ նորություններ