Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության մեկնարկին ընդառաջ կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի մամուլի ասուլիսը։
ԿԳՄՍ նախարարն իր խոսքում ասել է հետևյալը․
«Մենք շատ ուրախ ենք, որ այս տարի հնարավորություն ունենք հյուրընկալել բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը․ սա մեր ռազմավարության շարունակությունն է։ Այս տարի առաջին անգամ ՀԲՖ-ի հետ համատեղ անցկացրինք դպրոցականների առաջնությունը, որում շուրջ 8700 երեխաներ էին ներգրավված։
Բասկետբոլի մեր հավաքականը հաջող խաղ է ցույց տալիս, վստահ եմ՝ կունենանք լավ արդյունքներ։ Շուրջ 400 մասնակիցներ կժամանեն Երևան, Մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնում ակնկալում ենք մեծաթիվ երկրպագուներ, խաղերը նաև հեռարձակվելու են Առաջին ալիքով և FIBA-ի յութուբյան ալիքով, ինչը Հայաստանի հանրահռչակման համար մեծ կարևորություն ունի։ Վստահ ենք՝ սպորտային մեծ տոն ենք ունենալու։
Ենթակառուցվածքների առումով նաև մեծ կարևորություն ունի առաջնությունը, մենք վերանորոգել ենք Սպորտի կառավարման կենտրոնը, ձեռք ենք բերել լուսատախտակներ, բաստեկբոլային գույք․․․ այս ամենը նպաստելու է բասկետբոլի հետագա զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային և մյուս կողմերին համագործակցության համար։
Մեր երկրպագուները tomsarkgh.am-ից կարող են ձեռք բերել տոմսերը և ներկա լինել հանդիպումներին»։
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն իր ելույթում նշել է.
«Հայաստանի Մ-20 հավաքականը 1 ամսից ավելի է ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի ընթացքում մի շարք ընկերական հանդիպումներ ենք անցկացրել։ Ուզում եմ նշել, որ առաջնության շրջանակում թույլ մրցակիցներ չկան, սպասվում է ուժեղ մրցակցություն։ Նման նախապատրաստական փուլ երբեք չի եղել, հավաքականը NBA-ում աշխատող Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ հավաք է անցկացնում։
Փաստացի, ձևավորվում է Հայաստանի ապագա հավաքականի կորիզը։
Շնորհակալություն եմ հայտնում ԿԳՄՍ նախարարությունը։ Նման միջոցառում անհնար է անցկացնել առանց պետական աջակցության․ ամբողջը իրականացվել է պետության օգնությամբ։ Այս առաջնությունը թույլ կտա բասկետբոլային քարտեզի վրա մեր տեղը ունենալ։ Շատերի համար էր անակնկալ, որ Հայաստանը պատրաստ է այսպիսի խոշոր մասշտաբի առաջնություն անցկացնել։ FIBA-ի բարձրաստիճան պաշտոնյանը նույնպես ժամանելու են Երևան»։
Խոսելով առաջնությունից ակնկալիքների մասին՝ Նազարյանն ընդգծել է ․ «Պետք է իրատես լինենք մեր սպասումներում․ եթե Հայաստանի Մ-20 հավաքականը լինի առաջնության տասնյակում, դա հաջողություն կլինի մեզ համար։ Մարզչի հետ քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզմանը, որ դա կլինի շատ լավ արդյունք։ Պետք է ընդգծել, որ Մ-20 հավաքականը ազգային հավաքականից գրեթե չտարբերվող թիմ է և այս հավաքականի տղաները կազմելու են ազգային թիմի կորիզը»։