Սերբիայում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Մեդալների հարուստ ավարով հայրենիք կվերադառնա Հայաստանի հավաքականը:
Մեր թիմից առավել վստահ հանդես եկան Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Նրանք միայն հաղթանակներ տոնեցին, գրավեցին առաջին տեղը և պարգևատրվեցին չեմպիոնի ոսկե մեդալներով: Նրանց թիմակիցներ Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ) նույնպես մտել էին վճռական փուլ: Ավաղ, ոսկե մեդալի համար պայքարում նրանք զիջեցին մրցակիցներին և բավարարվեցին երկրորդ տեղով:
Հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի ևս երեք սաներ՝ Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանը (66 կգ) արժանացան երրորդ մրցանակների: