
Աթենքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում գերազանց քննություն բռնեց Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը: Նա հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները և մտավ եզրափակիչ:
Ոսկե մեդալի համար պայքարում նրա մրցակիցն էր վրացի Էրեկլե Տավբերիձեն, որը Եվրոպայի առաջնության եզրափակիչում այս տարի բացահայտ առավելությամբ էր հաղթել հայ մարզիկին:
Վրացին նույն սցենարը կրկնելու վճռականությամբ այս անգամ էլ ելավ մրցագորգ: Բայց առաջին իսկ վայրկյաններից զգաց, որ անցածը մոռացության է մատնել Ջանեսը և նա չեմպիոն դառնալու նպատակով է ելել պայքարի:
Մասնագետները զրույցի ժամանակ ասացին, որ հայորդին կամային որակների առումով նախանձելի հատկանիշ դրսևորեց: Նա անընդմեջ գրոհում էր Վրաստանի թիմի առաջատարի նկատմամբ:
Ջանես Նազարյանը տեխնիկական ու տակտիկական հարուստ զինանոցի շնորհիվ առավելության հասավ / 5 : 4 / արդեն անպարտելիի անուն հանած մրցակցի նկատմամբ, հաղթեց, պարգևատրվեց ոսկե մեդալով, կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին, որի շնորհիվ հնչեց հայոց օրհներգը և վեր խոյացավ մեր եռագույնը:
Նորընծա չեմպիոնը վաղ հասակից է ոտք դրել Էջմիածնի տարածաշրջանի Աթարբեկյան գյուղի ըմբշամարտի դահլիճ և մարզիչ Գոռ Աբգարյանի ղեկավարությամբ հաջողությամբ սերտել է մարզաձևի այբուբենը:
Ջանեսը դեռևս 16 տարեկան է և այդ փաստը հուշում է, որ հաջորդ տարի ևս կմասնակցի աշխարհի պատանեկան առաջնությանը:
ՀԱՕԿ –ի աշխատակազմը մարզասերների անունից շնորհավորում է բնածին օժտված մեր ըմբիշին և նրանից ակնկալում նոր հաղթանակներ:
Հավելենք, որ այսօր Մարատ Աճեմյանը (51 կգ) և Զավեն Մեջլումյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր: