ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

11:07 - 31 Հուլ, 2025

Ինչպես արդեն հայտնի էր, Աթենքում երեկ ուշ երեկոյան ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության վերջնափուլում պետք է որոշվեին վերջին մրցանակակիրները:

Մեր երկրի երկու ներկայացուցիչներ բրոնզե մեդալակիր դառնալու համար անցկացրին սփոփիչ գոտեմարտեր: Եվ տղաներն արդարացրին սպասելիքները:

Գյումրեցի Մարատ Աճեմյանը / 51 կգ / 11 : 0 հաշվով ծնկի բերեց ու տպավորիչ հաղթանակ տոնեց  թուրք Փոլատ Կան Կարադենիզինի նկատմամբ և կանգնեց պատվո պատվանդանի << բրոնզե>> աստիճանին: Նման պատվի արժանացավ նաև արարատցի Զավեն Մեժլումյանը / 60 կգ /: Նա հաղթեց / 5 : 2 /  ուկրաինացի   Դենիս Սերեդինին ու իր արժանի տեղն ունեցավ մրցանակակիրների շարքում:

Մրցաշարում բոլորից շատ ՝  չորս ոսկե մեդալ նվաճեց  Ուզբեկստանի հավաքականը: Մեկական բարձրագույն պարգև ունեցան Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Հնդկաստանի թիմերը:

Եվրոպական  երկրներից  <<ոսկի>>  նվաճեցին  միայն Հայաստանն ու Ադրբեջանը։

Միավորների  հաշվարկով առաջին  եռյակում տեղ գտան հաջորդաբար Իրանի (125 միավոր), Ուզբեկստանի (118) և Ղազախստանի  (113) համակազմերը:

ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորած մեր հավաքականը  55 միավորով հանգրվանեց իններորդ հորիզոնականում:

Ի դեպ, մեդալակիր մեր եռյակը / հիշեցնենք նաև չեմպիոն, էջմիածինցի  Ջանես Նազարյանին՝   65կգ / բնակվում են ՀՀ մարզերում:  

Այլ նորություններ