
Բուդապեշտում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը Հունգարիայի «Ֆերենցվարոշ» և Հայաստանի «Նոա» թիմերի միջև:
Անկեղծ ասած, ենթադրում էինք, որ մեր թիմը խոշոր հաշվով պարտություն կկրի: Լեփլեցուն տրիբունաներից տեղացի ֆուտբոլասերը դեռևս մինչ մեկնարկը, կարծես ջերմեռանդ աջակցություն, գոլառատ խաղի պահանջ էր ներկայացնում իր թիմին: 125 –ամյա «Ֆերենցվարոշը» կարող էր այդ անել, քանզի Հունգարիայի 36 –ակի չեմպիոն և 24 –ակի գավաթակիր է: Բացի այդ, 1975թ. դարձել է Եվրոպայի գավաթակիրների գավաթակիր: Թիմի հեղինակավոր վարպետներից Ֆլորիան Ալբերտը հեռավոր 1967թ. ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել է ոսկե գնդակի:
Մեր մտավախությունը անհիմն չէր. մրցամարտի հենց առաջին րոպեին տանտերերը բացեցին հաշիվը: Խոստովանենք որ, հիրավի, հանդիպումը գոլառատ եղավ ու մարզասերը յոթ գոլի ականատեսը դարձավ: Այս պարագայում հաճույքով ենք նշում, որ գրանցված գոլերից երեքում աչքի ընկան հյուրերը: Այսպիոսվ, տանտերերը հաղթանակ տարան ընդամենը մեկ գոլի առավելությամբ ՝ 4 : 3:
Պետք է արժանին մատուցել մեր ֆուտբոլիստներին, որոնք ընդհանուր պատրաստականությամբ բնավ չզիջեցին մրցակցին ու համարձակ, գրագետ գործողություններով ամենևին չկաշկանդվեցին հեղինակավոր մրցակցից:
Այնպես որ, մերոնց խաղը գոհացրեց, թեև երկու հանդիպումների արդյունքով / 4 : 6 / երևանցիները դուրս մնացին պայքարից: Այնուամենայնիվ, «Նոան» պարապուրդի չի մատնվի ու Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում կմրցի Ջիբրալթարի գործող չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։
Խաղերը նշանակված են օգոստոսի 7-ին և 14-ին։