ՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱՅԻ ԾՐԱԳՐԵՐՈՎ

15:27 - 19 Օգո, 2025

Հայաստանում լավ ավանդույթներ է ունեցել հանդբոլ / ձեռքի գնդակ / մարզաձևը:  Երևանում, Քաջարանում, Վանաձորում,  Գյումրիում, Գավառում, Ալավերդիում գործող խմբերում  այժմ մարզվում են տարբեր տարիքի շուրջ 700 տղաներ և աղջիկներ: Ձևավորված 49 թիմեր են մասնակցում Հայաստանի առաջնություններին:

Մասսայականացմանը կարող են նպաստել նաև երկրի մյուս քաղաքներում բնակվող մասնագետները: Նվիրյալներ կան Աբովյանում, Ստեփանավանում և էլի մի քանի բնակավայրերում, սակայն  համապատասխան հաստիքներ չլինելու պատճառով  նրանք այլ բնագավառներում են աշխատում:

Առաջիկա սեպտեմբերի 18 –ին Ավստրիայում նախատեսված է անցկացնել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի վեհաժողովը, որտեղ տեղի կունենա նաև նախագահի ընտրություն: Մասնակիցների թվում կլինի նաև ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն նշած կազմակերպությանը ներկայացրել են  << Մաստեր պլան >> անվանումով եռամյա ծրագիր: Այն արդեն հավանության է արժանացել: Միջոցառման շրջանակներում մեր ծրագիրը հավանաբար կհաստատվի: Նման  պարագայում  մեզանում հանդբոլը առաջընթաց ապրելու իրական պայմաններ  կունենա. հայ  մասնագետները կմասնակցեն միջազգային խորհրդակցությունների, տեսագործնական սեմինարների: Հայաստանի առանձին մարզիկներ և թիմեր կընդգրկվեն  ուսումնամարզական միջազգային  համատեղ մարզումներում և  մրցումներում: Եվրոպականի հովանու ներքո կհարստանա ՀՀ –ում  անցկացվող մրցումների քանակը և այլն:

Անդրադառնալով մրցումների թեմային  ասենք, որ ընթացիկ մրցաշրջանում արդեն անցկացվել է ՀՀ պատանեկան առաջնության առաջին փուլը: Տարիքային համապատասխան խմբերի եզրափակիչները տեղի կունենան Վանաձորի  <<Հայաստան>> և Երևանի <<Արաքս>> մարզապալատներում: Վճռական փուլի համար երկու մրցավայր ընտրելու գործը պատահական չէ: Գնահատվել է մարզաձևը բնակավայրերում տարածելու, զարգացնելու  գործոնը: Նշած տարիքային խմբերի և ՀՀ կանանց ու տղամարդկանց առաջնությունները նախատեսված է անցկացնել  ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:

Լավատես լինենք և հավատանք մեր հանդբոլի վերելքին:

Այլ նորություններ