
Սպորտին նվիրված միջազզգային տոնացույցում օգոստոսի 27 –ը նշվում է որպես բռնցքամարտի օր։
Մարզաձևը ամենահին մարտարվեստներից մեկն է։ Դրա մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ.ա. երրորդ հազարամյակով։ Դեռևս 385թ․ 291 –րդ օլիմպիական խաղերի կռփամարտի մրցումներին մասնակցել է հայոց թագավորական տոհմի շառավիղ Վարազդատ Արշակունին: Նա պարտության մատնելով բոլոր մրցակիցներին հռչակվել է օլիմպիական չեմպիոն։ Այդ հաղթանակից 1613 տարի անց, 1998թ․ մայիսի ութին, ՄՕԿ –ի և ՀԱՕԿ –ի փոխադարձ համաձայնությամբ , պատմական Օլիմպիայում հանդիսավորությամբ բացվել է Վարազդատ Արշակունու մարմարե կիսանդրին / քանդակագործ Լևոն Թոքմաջյան / ։ Խոսքով հանդես է եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պատմագիտության դոկտոր Միքայել Իսպիրյանը։

Ժամանակակից բռնցքամարտը ծնունդ է առել Անգլիայում ՝ 18-րդ դարի սկզբին։ Իսկ օլիմպիական շարժման վերածննդից հետո, 1920 թ․ այն մտել է օլիմպիական ընտանիք։
Մարզաձևը մեծ տարածում և հեղինակություն ունի Հայաստանում։ Մեզանում աճել են ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմաթիվ չեմպիոններ և մրցանակակիրներ։ Իսկ կաշվե ձեռնոցի հանճարեղ վարպետ, երևանցի Վլադիմիր Ենգիբարյանն իր բազում նվաճումներին ավելացրել է նաև օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Նա այդ պատվին արժանացել է 1956թ․ Մելբուռնի օլիմպիական խաղերում։
Նրա ճանապարհով առաջին քայլերն են արել և օլիմպիական բրոնզե մեդալակիր են դարձել երևանցի Դավիթ Թորոսյանը / 1976թ. Մոնրեալ /, վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը / 2008թ. Պեկին / և գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 2020թ, Տոկիո / :
Նշենք, որ մարզաձևի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել: Առավել հայտնի են՝ «Կատաղի ցուլը», «Ալին», «Նոկդաուն», «Ձախլիկը», «Ռոքքին» և «Միլիոն դոլարանոց երեխան»:
Հետաքրքիր է, որ այդ մարտարվեստով զբաղվել են շատ հայտնի մարդիկ. Էռնեստ Հեմինգուեյը, Ջեկ Լոնդոնը, Չարլի Չապլինը, Ֆրենկ Սինատրան, Ժան-Պոլ Բելմոնդոն, կրկեսի համաշխարհային աստղ, մեր Լեոնիդ Ենգիբարյանը, շատերը:
Բռնցքամարտի միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է մեր երկրի բոլոր ժամանակների բռնցքամարտիկներին և ակնկալում նորանոր հաղթանակներ: