ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ

15:17 - 23 Սեպ, 2025

Իտալիայի հյուսիսում գտնվող Տրենտինո նահանգի Վալդեֆիեմի ավանում տեղի կունենան առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազքի մրցումները: Այնտեղ հրաշալի պայմաններ կան մարզումների և մրցումների համար: Այս մասին զրույցում ասաց ՀՀ դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ  Արթուր Միքայելյանը: Նրա առաջատար սաները լավատեղյակ են բոլոր պայմաններին, որովհետև նշած վայրում մասնակցել են աշխարհի առաջնությունների, գավաթի խաղարկությունների և միջազգային խոշոր մրցաշարերի:

Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքի է հասել գլխավոր մարզչի ավագ որդին ՝ Սերգեյ Միքայելյանը: Նա 9 –րդ տեղն է գրավել 2015թ. կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում: Սերգեյը ՀՀ դահուկավազորդներից միակն է, ով մեդալ է նվաճել միջազգային պաշտոնական մրցումներում: Դա 2017թ. համաշխարհային ուսանողական խաղերն էր, որտեղ 10 կմ տարածությունում նվաճեց բրոնզե պարգև:

Եկող տարի, փետրվարի 6 – 22-ը, Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական 25 –րդ խաղերի մասնակցության ուղեգիր մեր դահուկորդներից արդեն նվաճել են աշոցքցիներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:

Հնարավոր է այդ թիվը ավելանա, քանզի առաջիկայում նախատեսված են վարկանիշային շուրջ մեկ տասնյակ մրցաշարեր. աշխարհի գավաթի խաղարկության հինգ փուլ, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Սլովենիայում նշանակված վարկանիշային մրցաշարեր և այլն: Դրանց կմասնակցեն աշոցքցի  շնորհալի  ևս մեկական մարզիկ – մարզուհի, որոնք հուսալի մարզավիճակում են գտնվում:

Այլ նորություններ