
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Վերջին օրը մրցահարթակը տրամադրվեց գերծանրքաշայիններին: Չափազանց հետաքրքիր ու լարված պայքար ծավալվեց մասնակիցների միջև: Յուրաքանչյուր մոտեցմամբ, աթլետները իրենց քաշային կարգին համապատասխան՝ ծանրացնում էին կիլոգրամները:
Մեր Վարազդատ Լալայանը ծանրահարթակ ելավ որպես աշխարհի գործող չեմպիոն: Նա երրորդ մոտեցմամբ իր կամքին ենթարկեց 211 կգ կշռող ծանրաձողը և արժանացավ ոսկե մեդալի:
Հրումում հայորդին գլխավերևում պահեց ահռելի ծանրությունը / 250 կգ / և կրկին նվաճեց ոսկե մեդալ: Նա իր հաշվին երրորդ ոսկին գրանցեց նաև երկամարտի գումարով՝ 461 կգ ու դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

Նախորդ առաջնության նման, պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեց գյումրեցի մեր մյուս դյուցազնը՝ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկած Գոռ Մինասյանը:Նա փոխչեմպիոնի պատվին արժանացավ երկամարտի 447 կգ / 205 կգ + 247 կգ / արդյունքով:
Այսպիսով աշխարհի ամենաուժեղ երկու տղամարդիկ գյումրեցիներ են, որոնք նման հաջորդականությամբ տեղ զբաղեցրին նաև անցյալ մրցաշրջանում:

Գյումրեցի մեկ այլ մարզիկ՝ Գարիկ Կարապետյանը/ 110 կգ / ճանաչվեց չորրորդը՝ 407 կգ / 187 կգ + 220 կգ /: Ի դեպ, պոկումում Գարիկի արդյունքը երրորդն էր, որը բրոնզե պարգև շնորհեց նրան:
Հիշեցնենք, որ մեկ << արծաթի >> էր արժանացել Գոռ Սահակյանը / 71 կգ/:
Թիմային պայքարում ԿԺԴՀ –ի և Չինաստանի հավաքականներից հետո երրորդը ճանաչվեց մեր ընտրանին:
Հաջորդ առաջնությունը կանցկացվի Չինաստանի Նինբո քաղաքում , իսկ 2027թ.՝ Երևանում: