
Իտալիայում 2026թ. կայանալիք 25-րդ ձմեռային խաղերի օլիմպիական կրակը կազմակերպիչներին հանձնվել է Աթենքի պատմական «Պանատինաիկոս» մարզադաշտում:
Արարողությանը ներկա են եղել Հունաստանի ԱՕԿ նախագահ Իսիդորոս Կուվելոսը, «Միլան Կորտինա դ'Ամպեցցո» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն և այլ պաշտոնյաներ։
Միջոցառումը անցկացվել է կարճ ծրագրով ՝ Հունաստանում տեղի ունեցող ուժեղ անձրևների և ամպրոպների պատճառով:
Գերագույն քրմուհին օլիմպիական ջահը հանձնել է Հունաստանի ԱՕԿ նախագահին, ով այն նվիրել է «Միլան - Կորտինա դ'Ամպեցցո» օլիմպիական խաղերի կազմակերպիչներին:
Ջահի փոխանցավազքի իտալական հատվածը կսկսվի Հռոմում՝ մարզահանդեսի բացման արարողությունից ուղիղ երկու ամիս առաջ՝ դեկտեմբերի 6-ին: Կրակը կշրջագայի ամբողջ Իտալիայով, այդ թվում՝ Սարդինիա և Սիցիլիա կղզիներով, ինչպես նաև Կորտինա դ'Ամպեցցոյով, որտեղ էլ նախատեսված է մրցումների մի մասը: Փոխանցավազքը կավարտվի Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում՝ փետրվարի 6-ին։