
Դեկտեմբերի 21-ը նշվում է որպես բասկետբոլի համաշխարհային օր: Այն պաշտոնապես սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2023 թվականի օգոստոսին ընդունված բանաձևով:
Ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ բասկետբոլի առաջին պաշտոնական խաղի անցկացման օրվան, որը տեղի է ունեցել 1891թ. դեկտեմբերի 21-ին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում:
Բասկետբոլը աշխարհում ամենատարածված մարզաձևերից մեկն է: Առնվազն 450 միլիոն մարդ է զբաղվում այդ մարզաձևով։ 1936թ. այն ներառված է օլիմպիական խաղերի ցանկում։ Տղամարդկանց աշխարհի առաջնությունները պարբերաբար անցկացվում են 1950, կանանցը՝ 1953, իսկ Եվրոպայի առաջնությունները՝ 1935 թվականներից:
Հայաստանում նույնպես գործում է մարզաձևի Ֆեդերացիա, որը ՖԻԲԱ Եվրոպայի անդամ է:
Մեզանում մարզաձևը սկսել է գործել 1920 –ականներից: Մեր թիմերը, հավաքականները մասնակցել են տարբեր մրցաշարերի: Եղել են նաև անհաջողություններ: Բայց վերջին 10 - 15 տարիներին վերելքի նոր ուղի է բռնել հայկական բասկետբոլը:
Տարիքային տարբեր խմբերի հավաքականները մասնակցում են նաև միջազգային մրցումների, որի արդյունքում աճել է մարզիկ – մարզուհիների վարպետությունը, հարստացել նրանց մրցափորձը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան /նախագահ ՝ Հրաչյա Ռոստոմյան/ ամեն բան անում է մարզաձևը բարձր մակարդակի հասցնելու և մասսայականություն ապահովելու համար:
Ասածն է վկայում այն, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան արդեն պաշտոնապես հայտ է ներկայացրել 2026թ. Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար ՝ տարիքային բոլոր խմբերի հավաքականներով:
Մարզաձևի համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորում ենք բնագավառի մարդկանց , ՀՀ ֆեդերացիային, մարզիկներին, երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր առնչված են բասկետբոլի հետ: