
Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի / World Boxing/ գործկոմը հաստատել է մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի անդամակցության դիմումը։ Դա նշանակում է, որ 2026թ. սկսած մեր բռնցքամարտիկները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպության օրացույցում ընդգրկված պաշտոնական բոլոր մրցաշարերին։ Սա կարևոր նշանակություն ունի, քանզի մեր մարզիկները կկարողանան մասնակել Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար նախատեսված վարկանիշային մրցումներին:
Ի դեպ, 2025թ. World Boxing-ն արդեն անցկացրել է աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ, ինչպես նաև տղամարդկանց և կանանց աշխարհի ամբողջական առաջնություն, որոնց մեր երկրի պատվիրակները չեն մասնակցել, քանի որ այն ժամանակ հանդիսանում էին IBA-ի անդամ։
World Boxing-ի առաջիկա մրցաշարը նախատեսված է մարտին՝ Թաիլանդում, որտեղ մինչև 19 տարեկանները կխաղարկեն աշխարհի առաջնության մրցանակները:
World Boxing-ը հիմնադրվել է 2023թ. ապրիլին՝ նպատակով, որ բռնցքամարտը մնա օլիմպիական ընտանիքում: ՄՕԿ –ի հետ նրա առաջին պաշտոնական հանդիպումը կայացել է 2024թ. մայիսին, իսկ 2025թ. փետրվարի 25-ին ստացել է ճանաչում:
Այսպիսով համաշխարհային ֆեդերացիան արդեն ունի 155 անդամ՝ 123՝ լիիրավ, մեկ ասոցացված և 31 –ը՝ հավանության արժանացած։
World Boxing-ի նախագահն է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ղազախստանցի 43 –ամյա Գենադի Գոլովկինը, ով ընտրվելուց հետո հայտարարել է հետևյալը. «Ձեր աջակցությամբ ես կաշխատեմ ապահովել բռնցքամարտի օլիմպիական ապագան, վերականգնել համաշխարհային վստահությունը և երաշխավորել, որ յուրաքանչյուր ֆեդերացիա, մարզիչ և մարզիկ կունենա զարգանալու հավասար հնարավորություններ։
Մեր առաքելությունը 2026թ. համար հստակ է՝ հասնել ՄՕԿ-ի լիակատար ճանաչմանը և երաշխավորել մեր տեղը Լոս Անջելեսի 2028 և Բրիսբենի 2032թթ. խաղերում։ Սակայն ճանաչումից այն կողմ թաքնված է ավելի մեծ նպատակ՝ վերականգնել մեր հեղինակությունը որպես բռնցքամարտի մեկ միասնական ընտանիք, որն առաջնորդվելու է հարգանքով և թափանցիկությամբ»։